Հնդկաստանի բնակչության թիվը հասել է ավելի քան 1,2 միլիարդի, և եթե պահպանվեն բնակչության աճի ներկայիս տեմպերը, ապա 2030 թվականին այն կդառնա աշխարհի ամենամեծ բնակչությունն ունեցող երկիրը` երկրորդ տեղում թողնելով Չինաստանին:
Այս երկրում անցկացված մարդահամարի վերաբերյալ հինգշաբթի օրը հրապարակված հաշվետվության համաձայն, Հնդկաստանի բնակչությունն այժմ կազմում է աշխարհի բնակչության 17 տոկոսը, ինչը համեմատելի է Միացյալ Նահանգների, Ինդոնեզիայի, Բրազիլիայի, Պակիստանի, Բանգլադեշի և Ճապոնիայի բնակչության հանրագումարին:
Նոր տվյալների համաձայն, անցյալ տասը տարվա ընթացքում Հնդկաստանի բնակչությունն աճել է 18 տոկոսով, սակայն բնակչության աճը, համեմատած 2001 թվականի մարդահամարի տվյալներին, դանդաղել է:
2011 թվականին յուրաքանչյուր 914 աղջիկ երեխայի համեմատությամբ ծնվել է 1000 տղա` գրանցելով ամենացածր հարաբերությունը Մեծ Բրիտանիայից անկախություն ձեռք բերելու ժամանակից: Դրա պատճառն է Հնդկաստանում տղա երեխաներին տրվող նախապատվությունը, ինչպես նաև այն հսկա ծախսերը, որոնք աղջիկների ամուսնության ժամանակ պետք է կատարի աղջկա ընտանիքը:
Հնդկաստանում ընդունվել են մի շարք օրենքներ, որոնք աբորտները կանխելու նպատակով արգելում են որոշել երեխայի սեռը նախքան ծննդաբերությունը:
Մարդահամարի հրապարակած տվյալները ցույց են տալիս նաև, որ երկրում գրագետ մարդկանց թիվն աճել է 9 տոկոսով:
Հնդկաստանի ամենամեծ բնակչություն ունեցող նահանգը Ուտար-Պրադեշն է, որի բնակչությունը կազմում է 199 միլիոն մարդ: