Հնդկաստանի Գերագույն դատարանը քննարկում է տաճարում հայտնաբերված հարստության ճակատագիրը

Հնդկաստանի Գերագույն դատարանը քննարկում է տաճարում հայտնաբերված հարստության ճակատագիրը

Հնդկաստանի Գերագույն դատարանը քննարկում է հնդկական հին տաճարում հսկայական գանձի ճակատագիրը, որը վերջերս է բացվել հանրության առաջ: Անձը, որ առաջ է քաշել այս խնդիրը, պնդում է, որ այն պետք է փոխանցվի տեղի նահանգային կառավարությանը:

Սակայն այդ գանձի փայլի խորքում պատմական արքայական կրոնական պաշտամունքն է, ինչպես նաև անվտանգության խնդիրը՝ կապված մշակութային զգայունության հետ:

Ոստիկանի աշխատանքը երբեք այսպիսին չի եղել:

Այս ոստիկանները իրենց զենքը կրում են ավանդական հնդիկ ուխտավորի համազգեստի տակ: Կապույտ շալը հստակորեն վկայում նրանց իրավապահ մարմին ներկայացուցիչ լինելու մասին։

Օր ու գիշեր, լավ զինված՝ նրանք պահպանում են Հնդկաստանի հարավային Կերալա նահանգի Թիրուվանանթափուրամ քաղաքում այս արտասովոր տաճարը:

Տաճարի դամբարանը վերջերս է բացվել՝ դրա կառավարման հետ կապված իրավական քննարկումների արդյունքում: Այնտեղ տասնյակ միլիարդավոր դոլարների ոսկի, անտիկ և թանկարժեք քարերի գանձեր կան: Քչերն են երբևէ տեսել դրանք:

«Բոլորը գիտեին, որ այնտեղ հարստություն կա, բայց ոչ այս չափի», - ասում է Կերալայի գլխավոր նախարար Ումեն Չանդին:

Նա մերժում է առաջարկությունները, որոնք ուղղված են այդ հարստությունը հանրային նպատակներով օգտագործելուն:

«Ավելի ճիշտ կլինի հարստությունը պահել հենց տաճարում: Դա տաճարին է պատկանում», - ասում է Չանդին:

Այլակրոնների մուտքը տաճար արգելված է:

Ներսում Շրի Պադման-աբաս-վամ Աստծո 6 մետր երկարությամբ ոսկյա արձանն է, որի անունով էլ կոչվում է տաճարը: Դա Վիշնուի մեկ այլ անվանումն է, ում հինդուները անվանում են «պահապան»:

Անկախ եղանակից՝ ամեն օր 25 տարի շարունակ Սվամի Դուրգանանդ Սարասվատին տաճար է եկել՝ ուսուցանելու հանրությանը:

Նրա և այլ հավատացյալների համար հարստության պատկանելիությունը քննարկման առարկա չէ:

Տաճարի պատմական կառավարիչներն արքայական Թրավանքոր ընտանիքն է, որը ժամանակին կառավարել է Հնդկաստանի մի մասը:

Եվ նրանց ժառանգորդ Մարթանդա Վարման ասում է, որ հարստությունը պետք է մնա այնտեղ, որտեղ իր նախնիներն այն պահպանել են:

«Թույլ տվեք շարունակվի, ինչ հարկ կա շտապելու: Նրանք փորձում են գտնել ինչ-որ բան և դուրս տանել: Վնաս չկա իրերն իրենց տեղում թողնելուց», - ասում է Վարման:

1750 թվականին Թրավանքոր արքայական ընտանիքը սկզբնապես Աստծուն սահմանելով որպես պաշտոնական ղեկավար և նրան հայտարարելով տաճարի սեփականատեր, իրեն պաշտոնապես հայտարարեց Փադմանաբայի ծառայող:

Որոշ հետազոտողներ կարծում են, որ այդ որոշումը անհետացրեց կրոնի և պետության միջև ջրբաժանը: Կերալայի Պատմական հետազոտությունների խորհրդի փոխնախագահ պրոֆեսոր Փանիքարը կարծում է, որ հանրությունն իրավունք ունի հետազոտել տաճարը՝ անցյալը հասկանալու համար:

«Սա պետության ժառանգությունն է: Այն կրոնական ժառանգություն չէ, այսինքն՝ դրան վերաբերվում եմ որպես աշխարհիկ ժառանգության: Իսկ այդ առումով բոլորը պետք է տեսնեն և գնահատեն այն», - ասում է Փանիքարը:

Սակայն Հնդկաստանի ազգային խորհրդարանում տեղական կառավարությունը ներկայացնող Շաշի Թարուրն ասում է, որ տաճարի հարստության հարցում կառավարությունը պետք է զգույշ գործի:

Թարուրի համաձայն, «երկրում հարյուր հազարավոր տաճարներ, եկեղեցիներ և մզկիթներ կան: Եթե մենք կարծեինք, թե այդ հարստությունները, կամ նույնիսկ դրանց մեկ տոկոսը պատկանում է պետությանը, ապա ինչպիսի՞ նախադեպ ենք ստեղծում այս երկրի մնացած կրոնական հաստատությունների համար»:

Հնդկաստանի իրավական համակարգի յուրահատկությունն այն է, որ այն կարող է աստվածային կերպարը ճանաչել որպես իրավաբանական անձի: Երկրի հարստությունը կառավարելու հարցերը քննարկելիս Գերագույն դատարանը հաշվի է առնում նաև այս և բազմաթիվ այլ գործոններ: