Օբաման Գերմանիայում սատարել է ԱՄՆ-ի հետախուզական ծրագիրը

Օբաման համոզվածություն է հայտնել, որ իր կառավարությունը պահպանում է հավասարակշռությունը հետախուզական տվյալներ ստանալու և քաղաքացիական ազատությունների միջև
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման սատարել է Միացյալ Նահանգների իշխանությունների կողմից իրականացվող համացանցի և հեռախոսային հաղորդակցման նկատմամբ իրականացվող հետախուզական ծրագրերը՝ ասելով, որ դրանք հստակ թիրախավորված են և հնարավորություն են տվել փրկել բազմաթիվ մարդկանց կյանքը:

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կանցլեր Անգելա Մերքելի հետ համատեղ անցկացված ասուլիսի ընթացքում Օբաման համոզվածություն է հայտնել, որ իր կառավարությունը պահպանում է հավասարակշռությունը հետախուզական տվյալներ ստանալու և քաղաքացիական ազատությունների միջև:

Նա ասել է, թե հետախուզական ծրագրերի միջոցով «չի վերանայվում Միացյալ Նահանգների և այլ պետությունների բազմաթիվ քաղաքացիների էլեկտրոնային յուրաքանչյուր նամակ»:

Միացյալ Նահանգներում իրականացվող հետախուզական ծրագրի մասին բացահայտումները մտահոգություն են առաջացրել բազմաթիվ գերմանացիների մոտ՝ ֆաշիստական «Գեստապո»-ի և Արևելյան Գերմանիայի «Շտազի» գաղտնի ոստիկանության կողմից անցյալում իրականացված գործողություններով առաջացրած ցնցումների հետևանքով:

Գերմանիայի կանցլերը համատեղ ասուլիսի ընթացքում ասել է, թե անհրաժեշտ է շարունակել քննարկումներն այն մասին, թե ինչպես հասնել անվտանգության ապահովման և անհատական ազատությունների պաշտպանության միջև խելամիտ հավասարակշռության:

Օբաման համաձայնել է՝ ասելով, թե «այն, ինչ առանձնացնում է մեզ այլ կառավարություններից, դա այն հանգամանքն է, որ մենք ողջունում ենք քննարկումները, և սա ժողովրդավարության հիմքերից մեկն է»:

ԱՄՆ-ի նախագահն ասել է նաև, որ նախագահական պարտականություններն է ստանձնել՝ «հանձն առնելով պաշտպանելու ամերիկացիներին, սակայն միևնույն ժամանակ հանձն առնելով պաշտպանելու մեր արժեքներն ու գաղափարները, որոնցից ամենավեհ գաղափարներից է անձնական տվյալների գաղտնիության և քաղաքացիական ազատությունների սկզբունքը»: