Իսլանդիայում հրաբխի ժայթքման պատճառով Եվրոպայում դադարեցվել են բազմաթիվ չվերթներ

Իսլանդիայում հրաբխի ժայթքման պատճառով Եվրոպայում որոշ ավիաընկերություններ դադարեցրել են մայրցամաքի որոշ տարածքներ սպասարկող բազմաթիվ չվերթներ:

Եվրոպայում օդային երթևեկությունը կառավարող «Եվրոկոնտրոլ» կազմակերպությունը երեքշաբթի օրը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայի օդային տարածքով Իսլանդիայի Գրիմշվոթն հրաբխի ժայթքման պատճառով օդ բարձրացած մոխրի պատճառով դադարեցվել է մոտ 250 չվերթ:

Մի քանի ավիաընկերություն, այդ թվում` «British Airways», «KLM», «Easyjet», ինչպես նաև տարածաշրջանային մի քանի ավիաընկերություն դադարեցրել են դեպի Շոտլանդիա և Մեծ Բրիտանիա կատարվող չվերթները:

Նորվեգիայի օդանավակայանների գործունեությունը կառավարող ընկերությունը երեքշաբթի օրը հայտնել է, որ հրաբխի մոխրի պատճառով դադարեցրել է երկու օդանավակայանից չվերթների իրականացումը:

Օդերևութաբանները դժվարանում են մոխրի ամպի հետագա երթուղին կանխատեսելու հարցում, սակայն նշում, որ գալիք շաբաթ այն կարող է հասնել սկանդինավյան երկրներ, Ֆրանսիայի արևմտյան շրջաններ ու Իսպանիա: