Ռուսաստանի միջուկային էներգիայի բարձրաստիճան պաշտոնյաներն ասել են, թե Իրանի առաջին ատոմակայանը օգտագործելի կդառնա օգոստոս ամսից, հակառակ Թեհրանի դեմ պատժամիջոցների չորրորդ փուլ հաստատելու ՄԱԿ-ի ջանքերի։
ՌՈՍԱՏՈՄ ընկերության ղեկավար Սերգեյ Կիրիյենկոն ասել է, թե ՄԱԿ-ի պատժամիջոցների բանաձեւը ազդեցություն չի գործի Ռուսաստանի օգնությամբ կառուցվող Բուշերի ատոմակայանի ծրագրերի վրա։
Այդ հայտարարությունը հետեւում է երկու օր առաջ Միացյալ Նահանգների հրապարակած այն հայտարարությանը, թե Ռուսաստանի եւ Չինաստանի աջակցությունն է ստացել Իրանի դեմ նոր պատժամիջոցների բանաձեւի նախագծի օգտին։
Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների թվում են, եւ նախկինում դիմադրել են Իրանի դեմ խիստ պատժամիջոցներ հաստատելու ջանքերին։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հինգշաբթի օրը Իրանին հորդորել է վառելանյութի փոխանակման նոր առաջարկ ուղարկել ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը։