Հունգարիայի վարչապետը կոչ է արել Կիևին ինքնավարություն տրամադրել Ուկրաինայի հունգարացիներին

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբան (արխիվային լուսանկար)

Հունգարիայի վարչապետը նման կոչերով վերջին երկու շաբաթվա ընթացքում հանդես է գալիս արդեն երկրորդ անգամ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը վերսկսել է հարևան Ուկրաինայում բնակվող ազգությամբ հունգարացիներին ինքնավարություն տրամադրելու մասին կոչերը:

Վարչապետ Օրբանի կողմից անցյալ շաբաթ արված նույն կոչը բացասական արձագանքի էր արժանացել դիվանագետների կողմից:

«Ուկրաինան չի կարող լինել ո՛չ կայուն, ո՛չ էլ ժողովրդավարական, եթե այն իրավունքներ չտրամադրի փոքրամասնություններին, այդ թվում՝ հունգարացիներին: Այդ իրավունքներից են երկակի քաղաքացիությունը և ինքնավարությունը», - ասել է Հունգարիայի վարչապետը՝ հանդես գալով երկրի հեռուստատեսության եթերում:

Այսպիսով վարչապետ Օրբանը, որն անցյալ ամիս համոզիչ հաղթանակ էր տարել երկրում անցկացված ընտրություններում, վերահաստատել է Արևմտյան Ուկրաինայում բնակվող մոտ 200 հազար հունգարացիներին ինքնավարություն տրամադրելու մասին կոչերը: Առաջին անգամ նման կոչերով ինքը հանդես էր եկել անցյալ շաբաթ՝ երկրի վարչապետի պաշտոնում երդմնակալության արարողության ժամանակ:

Հատկանշական է, որ դեռևս չորեքշաբթի օրը Հունգարիայի արտաքին գործերի նախարար Յանոշ Մարտոնին փորձել էր հանդարտեցնել Ուկրաինայի դիվանագետներին, ինչպես նաև Եվրոպայի իր գործընկերներին ՝ վարչապետ Օրբանի կողմից հնչեցված կոչերից հետո: Այդ ժամանակ արտգործնախարար Մարտոնին ասել էր, թե իր երկիրը չի նախատեսում ինքնավարություն պահանջել Արևմտյան Ուկրաինայում բնակվող հունգարացիների համար: