Ինչպես դիմակայել ռուսական ապատեղեկատվությանը

Արևմտյան երկրները ձգտում են հակազդել ռուսական ապատեղեկատվական արշավներին, որոնք, հանրահայտ է, ազդում են ընտրությունների, քաղաքական գործընթացների և հասարակական կարծիքի վրա։

Քենանի ինստիտուտի Վուդրո Վիլսոնի կենտրոնում քննարկել են, թե ինչպես է գործում ռուսական ապատեղեկատվությունը, որքանով է այն արդյունավետ և ինչպես կարելի է դրան դիմակայել։ Քննարկման մասնակիցները վերհիշել են Կրեմլի՝ խորհրդային քարոզչական ջանքերը 1970-ականներին։

Ջոնս Հոփքինսի համալսարանի ավագ փորձագետ և ռուսական քարոզչության հետազոտող Պիտեր Պոմերանցևի կարծիքով՝ այսօր Ռուսաստանը ուղղակի քարոզչության փոխարեն ավելի հաճախ օգտագործում է ապատեղեկատվություն՝ կեղծ տեղեկություններ տարածելով կամ վերագրելով գուցե գոյություն ունեցող տեղեկատվությունը մարդկանց, որոնք երբեք այդ մասին չեն խոսել։

Եթե Սառը պատերազմի տարիներին քարոզչական կլիշեները, օրինակ այն, որ ՁԻԱՀ-ն իբր ստեղծվել է ԱՄՆ լաբորատորիաներում որպես զենք և ներմուծվել Աֆրիկա, ձևավորվում էին հատուկ ծառայությունների կողմից, ապա այժմ ապատեղեկատվության տարածման և ստեղծման մեթոդները շատ ավելի լայն են՝ նշել է Պոմերանցևը։

Մերիլենդի համալսարանի Ֆիլիպ Մերիլի անվան ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետազոտությունների գծով դեկանի տեղակալ Սառա Օութսը կարծիք է հայտնել, որ Արևմուտքի դեմ ռուսական տեղեկատվական գործողությունները բավականին հաջող են, քանի որ Ռուսաստանը հմտորեն ադապտացնում է իր պատումները կոնկրետ երկրների համար՝ լինի Լեհաստանը, Ֆրանսիան, թե ԱՄՆ-ն, որտեղ ռուսական ապատեղեկատվության համար հողը հատկապես պարարտ է՝ ամերիկյան հասարակությունում ներքին տարաձայնությունների և վեճերի պատճառով։ Հիմնական գաղափարները, որոնք Ռուսաստանը փորձում է համոզել Արևմուտքի լսարանին, հետևյալն են՝ «ժողովրդավարությունն անթերի չէ և տապալվում է», իսկ Ռուսաստանը «վերածնվող մեծ տերություն է»։

Օութսը կարծում է, որ ռուսաստանցի պրոպագանդիստներն ավելի հազվադեպ են փորձում ուղղակիորեն համոզել մարդկանց, բայց ձգտում են կասկածներ սերմանել ցանկացած տեղեկատվության իսկության նկատմամբ, ինչը նրանց հնարավորություն է տալիս հաջողությամբ ապատեղեկատվություն տարածել։

Ռուսական քարոզչության և ապատեղեկատվության ժամանակակից մոդելը ռուսաստանյան լրատվամիջոցների նկատմամբ իշխանությունների վերահսկողության և ազդեցության համադրություն է, երբ Ռուսաստանի նախագահի աշխատակազմը նրանց հանձնարարականներ է տալիս որոշակի թեմաների լուսաբանման վերաբերյալ։ Այս համակարգը ներառում է նաև պետականամետ օլիգարխների և ուժային կառույցների գործունեություն տեղեկատվական դաշտում, որոնցից յուրաքանչյուրը յուրովի է ներկայանում հանրությանը՝ հաճախ հակասելով և հերքելով մյուսին, բայց, ընդհանուր առմամբ, նրանք հետևում են սահմանված հայեցակարգին, հատկապես պատերազմների ժամանակ՝ ասում է Պիտեր Պոմերանցևը՝ օրինակ բերելով Ուկրաինայում հիվանդանոցների գնդակոծությունն արդարացնելու փորձերը։

Թեև այդպիսի մոդելը մշտապես զարգանում է, այն ունի խոցելիություններ, երբ ռուսական քարոզչամեքենան կանգնում է և չգիտի, թե ինչպես արձագանքել որոշակի իրադարձությունների, ինչպիսիք են Պրիգոժինի ապստամբությունը կամ Կուրսկի մարզում ուկրաինական զորքերի առաջխաղացումը, սակայն Արևմուտքը, ցավոք, չի օգտագործում նման խոցելիությունները իր օգտին՝ հավելում է Պոմերանցևը։

Քննարկման մասնակից Ջորջթաունի համալսարանի դասախոս Ջիլ Դոգերթին, որը 1990-ականներին գլխավորում էր Մոսկվայում CNN ամերիկյան հեռուստաալիքի բյուրոն, կարծում է, որ ռուսական քարոզչությունը հաջողությամբ օգտագործում է վախի գործոնը, քանի որ ՁԻԱՀ-ը, քովիդը և մտացածին ամերիկյան կենսաբանական լաբորատորիաները Ուկրաինայում վախեցնում են մարդկանց, և դրա հիման վրա հարմար է ապատեղեկատվության արշավներ ճարտարել։

Դոգերթին հիշեցնում է, որ ռուսական քարոզչությունը հաճախ օգտագործում է նաև այն խոսույթը, թե ԱՄՆ-ն իբր պատերազմների կողմնակից է և դրանց նախաձեռնողը, որը հաճախ արձագանք է գտնում զարգացող աշխարհի երկրներում, օրինակ՝ Վրաստանում։

Սառա Օութսի կարծիքով՝ Կրեմլի քարոզչության առասպելների կենսունակության հարցում մասամբ մեղավոր են հենց ամերիկյան լրատվամիջոցները, երբ այնպիսի հեղինակավոր պարբերականներ, ինչպիսիք են The New York Times-ը, The Wall Street Journal-ը և The Washington Post-ը, չեն ներկայացնում պատմական համատեքստը և միշտ չէ, որ հերքում են, օրինակ, այնպիսի ռուսական նարատիվ, թե իբր ՆԱՏՕ-ն «ագրեսիվ խուլիգան» է, որը գոյութենական սպառնալիք է Ռուսաստանի համար, և որ այդ պատճառով էլ Ռուսաստանը ստիպված էր պաշտպանվել՝ ներխուժելով Ուկրաինա։

Բացի այդ, Օութսը նշում է, որ ռուսական քարոզչությունը շահարկում է ամերիկյան քաղաքական դաշտի որոշ շրջանակների տեսակետները, թե Վաշինգտոնը չպետք է Կիևին այդքան մեծածավալ օգնություն ցուցաբերի այն դեպքում, երբ հենց ԱՄՆ-ում տնտեսական իրավիճակը լրացուցիչ ջանքեր է պահանջում։

Պիտեր Պոմերանցևի կարծիքով՝ ռուսական քարոզչության և ապատեղեկատվության արդյունավետությանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ Կրեմլը լավ է հասկանում, թե ինչպես է տեղեկատվությունը մշակվում Արևմուտքում։ Դրա օրինակ կարող է լինել 2016 թվականի ընտրությունների ժամանակ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի (DNC) համակարգչային սերվերների և էլեկտրոնային փոստի կոտրումը, որի տվյալները փոխանցվեցին WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին։ Ասանժը հետագայում այդ տեղեկությունները տարածեց համաշխարհային ԶԼՄ-ներով, ինչն էլ ազդեցություն ունեցավ ԱՄՆ նախընտրական քարոզարշավի վրա։

Այսինքն՝ ռուսաստանցի քարոզիչները սովորել են հասկանալ, թե ինչպես ենք մշակում տեղեկատվությունը, ավելացնում են իրենց նարատիվները, իսկ արևմտյան լրատվամիջոցներն արդեն իրենք են տարածում այն։ Այս մեթոդը առավել մեծ տարածում է գտել Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո՝ ասում է Պոմերանցևը։

Ռուսական քարոզչամեքենան, օրինակ, հասկանում է, թե ինչպես է Կրեմլից բխող միջուկային սպառնալիքը լուսաբանվելու արևմտյան լրատվամիջոցների կողմից և ինչպիսի տագնապ այն կհարուցի արևմտյան հանրությունում։ Նմանատիպ իրավիճակ էր Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման ժամանակ, երբ բոլորին պարզ էր, որ այնտեղ ռուսական զորքեր էին տեղակայված, սակայն նրանք չունեին զինվորական տարբերանշաններ։ Ռուսաստանը դա հաշվի էր առել՝ հասկանալով, որ այդ հարցը կքննարկվի ՆԱՏՕ-ում, և Ռուսաստանին լոյալ երկրները կասկածի տակ կդնեն ռուսական զորքերի ներկայությունը։ Սա, ընդհանուր առմամբ, կձգձգեր ՆԱՏՕ-ի արձագանքը և որոշումների ընդունումը։

Ռուսաստանի կողմից արևմտյան լրատվամիջոցների և անվտանգության տեղեկատվական համակարգերի աշխատանքի խորին ըմբռնման շնորհիվ ռուսական քարոզչությունը դարձել է առավել արդյունավետ՝ նշում է Պոմերանցևը։

Ռուսական քարոզչությանն ու ապատեղեկատվությանը դիմակայելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հանրությանը ավելի հաճախ կասկածի տակ դնել սոցիալական ցանցերի միջոցով ստացած տեղեկատվությունը։

Ջիլ Դոգերթին խորհուրդ է տալիս արտասովոր տեղեկություն ստանալիս ինքներդ ձեզ հարց տալ՝ հենց նոր որոշակի տեղեկատվություն ստացա, ինչու՞ եմ հիմա ստանում այդ տեղեկությունը, ո՞րն է դրա աղբյուրը (ինչը սովորաբար շատ դժվար է պարզել), ո՞րն է ստացված տեղեկատվության նպատակը և ի՞նչ են ուզում ինձ ստիպել անել։

Պիտեր Պոմերանցևի կարծիքով՝ ռուսական քարոզչության արդյունավետությունը մասամբ պայմանավորված է նրանով, որ ամերիկացիները ներկայում ինքնության որոշակի ճգնաժամ են ապրում։ Դատելով հասարակական կարծիքի հարցումներից՝ նրանք գիտակցում են, որ ԱՄՆ համար գոյություն ունեն սպառնալիքներ, որ Չինաստանը, Ռուսաստանն ու Իրանը բարյացակամ չեն իրենց նկատմամբ։ Ամերիկացիների մոտ ձևավորվել է այն զգացողությունը, որ աշխարհը փոփոխությունների մեջ է, սակայն ոչ ոք նրանց չի բացատրում, թե իրականում ինչ է կատարվում։ Այդ պատճառով շատերը փորձում են հեռու մնալ և չխորանալ գլոբալ խնդիրների մեջ։ Սակայն ինչ-որ մեկը պետք է բացատրի, թե ինչպես է աշխատում ժամանակակից աշխարհը, որոնք են իրական սպառնալիքները։ Օրինակ՝ ինչպես է Չինաստանը ձգտում վերահսկել ծովային ուղիները Մերձավոր Արևելքում, իսկ Ռուսաստանը՝ Ուկրաինայից հացահատիկի մատակարարումները, որպեսզի փաստացի ազդեցություն ունենա միջազգային տնտեսության վրա։

«Քանի դեռ Ամերիկան չի սկսել օգտագործել իր ամբողջ տնտեսական և քաղաքական հզորությունը դրան դիմակայելու համար, մարդիկ շարունակելու են հեռու մնալ»,- նշել է Պոմերանցևը՝ հավելելով, թե ում կհաջողվի ամերիկացիներին բացատրել՝ իրականում ի՞նչ են փորձում անել հակառակորդները և ինչպե՞ս է այդ աշխատում, կկարողանա օգուտ քաղել։

Ըստ Պիտեր Պոմերանցևի՝ Արևմուտքի համար բարդ է գործել ռուսաստանյան տեղեկատվական դաշտում՝ փորձելով Ռուսաստանի բնակիչներին ներկայացնել Պուտինի իրական քաղաքականությունը, քանի որ այդ երկրում բացակայում են ազատ տեղեկատվական դաշտն ու քաղաքացիական հասարակությունը։ Բացի այդ Կրեմլը շարունակ զբաղված է երկրի ներսում քարոզչության իրականացմամբ, պատվիրում է սոցիոլոգիական հետազոտություններ՝ պարզելու, թե մարդիկ ինչ են մտածում ու զգում, հետևում է, թե նրանք ինչ են ասում ու անում, փորձում է դա վերահսկել։ ԽՍՀՄ փլուզումից հետո Կրեմլում ձևավորել են վերահսկողության նոր հայեցակարգ, և չեն ցանկանում, որ նման բան կրկնվի՝ ասում է Պոմերանցևը։

Նրա կարծիքով՝ կարող է աշխատել այլ մարտավարություն, քանի որ Ռուսաստանում խորանում են հակասությունները, որոնք պայմանավորված են նախևառաջ աճող տնտեսական խնդիրներով՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի պատճառով։

Անհրաժեշտ է պարզել, թե իրականում ինչն է մտահոգում մարդկանց Ռուսաստանում, օրինակ՝ գնաճը, ճանապարհների որակը, ինչպես պահպանել խնայողությունները, ազգամիջյան լարվածությունը, և օգնել ռուսաստանյան հանրությանը գիտակցել, որ դրական փոփոխություններն անհնար են, եթե իշխանությունն անում են այն, ինչ ցանկանում են՝ նշել է Պիտեր Պոմերանցևը։