Նոր սարքերը նվազեցնում են հիվանդանոցում վարակվելու վտանգը

High-Tech Device Reduces Risk of Hospital Infections

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ամբողջ աշխարհում ամեն տարի հարյուր հազարավոր մարդիկ կյանքը վտանգող հիվանդություն են զարգացնում հակաբիոտիկներին դիմակայող մանրէներից, որոնք հաճախ հանդիպում են հիվանդանոցներում:

Հիվանդանոցներն աղտոտումից մաքրելը դարձել է լուրջ և ծախսալի խնդիր: Սակայն Տեխաս նահանգում գտնվող «Զենեքս առողջապահական ծառայություններ» կոչվող ընկերությունը առաջարկում է դրա հնարավոր լուծումը մի սարքի օգնությամբ, որը լույսի միջոցով սպանում է մանրէներին:

Այս սարքը ուլտրամանուշակագույն լույս է արձակում մանրէների բջիջի մեջ և սպանում դրանք:

«Այս եղանակի օգտագործման շնորհիվ մանրէն հարմարվելու և դիմադրողականություն զարգացնելու հնարավորություն չի ունենում», - ասում է Զենեքսի համահիմնադիր և գլխավոր գիտաշխատող, բժիշկ Մարկ Սթիբիքը:

«Ուլտրամանուշակագույն բարձր էներգիան ներթափանցում է մանրէն և ներկլանվում ԴՆԹ-ի կողմից, ուստի այն մաքրում է մանրէն հենց արմատից, որտեղ փոխակերպում է զարգանում», - ասում է Սթիբիքը:

Բժիշկ Սթիբիքի խոսքերով՝ սարքն օգտագործում է քսենոն լույսի զարկի խտացված պայթյունը՝ տեխնոլոգիա, որն արդեն երեսուն տարի գոյություն ունի:

«Զենեքս»-ը սակայն զարգացրել է այն: Սարքը մի քանի րոպեի ընթացքում կարող է մաքրել սենյակը՝ ոչնչացնելով մակերեսին գտնվող մանրէների մեծ մասը:
«Զենեքս»-ի տնօրեն Բրայն Քրավըրը դա լավ է հասկանում, քանի որ մի քանի տարի առաջ նա նույնպես վարակվել էր հիվանդանոցում բուժվելիս:

«Ես պարզ խնդրով գնացի հիվանդանոց, սակայն հիվանդանոցում վարակ ստացա», - ասում է Քրավըրը:

Քրավըրը հակաբիոտիկների ներարկման միջոցով բուժվել էր երկու ամիս և միաժամանակ ծանոթացել հիվանդանոցների առջև կանգնած այս խնդրի լրջությանը:

«Սարսափելի էր, երբ պարզեցի, որ Միացյալ Նահանգներում հիվանդանոցային վարակները մահացության չորրորդ պատճառն են, որ հիվանդանոցային վարակներից ավելի շատ մարդ է մահանում, քան ՁԻԱՀ-ից, կրծքի քացկեղից և ավտովթարից հետ՝ միասին վերցրած», - ասում է ընկերության տնօրենը:

«Զենեքս»-ը փոքր ընկերություն է: Սակայն Քրավըրը զարգացման հնարավորություն է տեսնում, երբ այս և այլ երկրներում հիվանդանոցները բացահայտեն իրենց սարքի արդյունավետությունը:

Ըստ Քրավըրի, իրականությունն այն է, որ սա հսկայական խնդիր է: Նա պնդում է, որ այս սարքն անհրաժեշտ է բոլոր հիվանդանոցներին:

«Զենեքս» սարքը ստուգվել է Միացյալ Նահանգների քաղցկեղի հիվանդանոցներում, մասնավորապես՝ Հյուսթոնում Անդերսոն քաղցկեղի հիվանդանոցում: Բժիշկ Ռոյ Չեմալին գլխավորում է հիվանդանոցի վարակների վերահսկման բաժանմունքը, և ըստ նրա՝ հիվանդները հատկապես խոցելի են վարակների նկատմամբ:

Բժիշկ Չիմալիի խոսքերով՝ նախնական արդյունքները վկայում են, որ «Զենեքս» սարքը կարող է 100 տոկոսով ախտահանել նախապես մաքրված հիվանդանոցային սենյակը։ Սակայն ըստ նրա՝ սարքի օգտագործմամբ առավել լավ արդյունքների հնարավոր կլինի հասնել դեռ առնվազն մեկ տարի անց: