Ավագ դպրոցը չավարտած երիտասարդը հաջողության է հասել համացանցային բիզնեսում

1931 թվականին հայտնի գրող Ջեյմս Ադամսը հայտնի դարձրեց «Ամերիկյան երազանք» արտահայտությունը՝ «Կյանքը պետք է լինի ավելի լավ, հարուստ և լի բոլորի համար՝ հնարավորություն տա բոլորին՝ ըստ իրենց կարողությունների և նվաճումների”:

Չնայած այդ արտահայտության իրական բնորոշումը դեռևս պարզ չէ, մի երիտասարդի կյանք թվում է՝ դրա լավ բացատրությունն է:

Մազյար Կազերունին իր առաջին ինտերնետային ընկերությունը հիմնադրել է, երբ դեռ ավագ դպրոցում էր: Երբ սկսեց շահույթ ստանալ, նա համոզեց ծնողներին, որ թույլ տան իրեն դպրոցը կիսատ թողնել՝ ինտերնետային բիզնեսով զբաղվելու համար:

«Այս կայքը ստեղծել եմ, երբ 15 տարեկան էի: Երբ ավագ դպրոցում ես, և տեսնում ես, որ քո ուսուցիչներից շատ ավելի գումար ես աշխատում, ակամա մեծամիտ ես դառնում», - ասում է Կազերունին ։

Երկու տարի անց Կազերունին և նրա մտերիմ ընկեր Մեթ Շլիչը, ով նույնպես թողել էր դպրոցը, սկսեցին աշխատել «ՅուՍթրիմ» տեսանյութի կենդանի փոխանցման վրա: Տեսանյութի կենդանի փոխանցումն այն ժամանակ նորություն էր, և Կազերունին պետք է հավաստիացներ ռեփ կատարողների, որ դա իրենց հաջողություն կբերի։

Նա այնքան համոզիչ էր, որ Լիլ Ուեյնը խնդրեց Կազերունիին դառնալ իր անձնական թվային փորձագետը:

«Մենք նրան օգնեցինք նոր շունչ հաղորդել իր Ֆեյսբուքի էջին: Նա միլիոնավոր երկրպագուներ ուներ, և ոչ մեկ չէր կարող մուտք գործել այդ էջ, և նա չէր կարող հաղորդակցել այդ միլիոնավոր երկրպագուների: Այժմ երկրպագուների թիվը մեկ միլիոնից հասել է 31 միլիոնի: Մեր շնորհիվ նա Գինեսի համաշխարհային ռեկորդ սահմանեց՝ Ֆեյսբուքում։ Յանգ Մանին, Լիլ Ուեյնը, Լիթլ Թուիսթը , նրանք բոլորը կարծես ընտանիք լինեն մեզ համար, մենք նրանց հետ երկար տարիներ ենք աշխատել», - ասում է Կազերունին:

Մի քանի ամիս առաջ Կազերունին և Շլիցը լքեցին Յուսթրիմը՝ իրենց ընկերությունը՝ «Tracks.By»-ը հիմնադրելու համար, որը թույլ է տալիս կատարողներին Ֆեյսբուքում տարածել իրենց երաժշտությունը, տեսահոլովակները և շրջագայության օրերը: Շերվին Պիշեվարին նրանց գաղափարն այնքան է դուր եկել, որ 500 հազար դոլար է ներդրել այդ գործում:

«Մենք փորձում ենք Լիլ Ուեյնի, Լիթլ Թուսթի թվային կառավարումից ստացած ամբողջ գիտելիքը վերածել արտադրանքի կամ հնարավորությունների, որոնցից կարող է օգտվել յուրաքանչյուր կատարող», - նշում է Կազերունին:

«Tracks.By»-ն արդեն աճել է այնքան, որ Կազերունին և Շլիցը վարձել են համակարգչից հասկացող և սոցիալական լրատվամիջոցներին տիրապետող ընկերներ: Սակայն նրանք բիզնեսը կառավարում են տանից:

«Եթե մտածեք, դա այնքան էլ ռիսկային չէ, հատկապես երբ երիտասարդ ես: Վատթարագույն դեպքում կարող ես սնանկանալ և նոր աշխատանք փնտրել։ Սակայն եթե հաջողություն ունենաս, կպարգևատրվես» , - ասում է ձեռներեցը:

50 կատարողներ՝ համատեղ 150 միլիոն երկրապագուներով արդեն գրանցվել են «Tracks.By»-ում: Հնարավոր է՝ Կազերունին ապրում է հենց այն Ամերիկյան երազանքը, որի մասին խոսում էր Ջեյմս Ադամսը: