Դամասկոսում ռազմական ուղղաթիռ է խփվել

Խփված ուղղաթիռը վայր է ընկել Դամասկոսի Ջոբար թաղամասում
Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում կառավարական ուժերի և ապստամբների միջև չդադարող մարտերի ընթացքում խփվել է երկրի զինված ուժերին պատկանող ուղղաթիռներից մեկը:

Սիրիայի պետական հեռուստաընկերությունը երկուշաբթի օրը հաղորդել է Դամասկոսում խփված ուղղաթիռի մասին, սակայն որևէ այլ մանրամասներ չի ներկայացրել:

Որոշ հաղորդագրությունների համաձայն, ուղղաթիռը խփվել է ապստամբների կողմից բացված կրակից, և վայր ընկնելուց առաջ բոցավառնվել է: Նույնի մասին վկայում է սիրողական տեսանյութը, որի վրա պատկերված է բոցավառվող ուղղաթիռի անկումը:

Մեծ Բրիտանիայից իր գործունեությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպությունը հայտնել է, որ խփված ուղղաթիռը վայր է ընկել Դամասկոսի Ջոբար թաղամասում:

Հիշեցնենք, որ նույն կազմակերպությունը շաբաթ օրը հաղորդել է երկրում հարցուրավող զոհերի մասին։ Կազմակերպության համաձայն, մեկ օրվա ընթացքում սպանվածների թիվը հասել է 370-ի։

Մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում գտնվող Դարայա քաղաքում հայտնաբերվել էր 200 դիակ: Կառավարական ուժերն այս քաղաքում հինգ օր ուժեղ գրոհներ են իրականացրել ընդդեմ ապստամբ ուժերի։ Գրոհներն իրականացվել են նաև ռազմաօդանավերի մասնակցությամբ, որոնցից հետո Սիրիայի պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը հաղորդել էր, թե «Դարայան մաքրվել է ահաբեկիչների մնացորդներից»։