Մահմեդականացված հայերը Թուրքիայում պատրաստվում են հիմնել նոր կուսակցություն

Թուրքիայում հիմնականում Սեւ ծովի ափերին բնակվող համշենահայ համայնքի ներկայացուցիչներից Իսմեթ Շահինը, որը քաղաքական նոր կուսակցության հիմնադիրներից է եւ Ստամբուլի քաղաքային ընտրությունների նախկին թեկնածու, թուրքական ՝՝Հուրիեթ՛՛ թերթին ասել է, թե կուսակցության անվանումը պաշտոնապես կհրապարակվի հունիսի 12-ին անցկացվելիք համընդհանուր ընտրություններից հետո։ Ստամբուլի քաղաքային ընտրություններին Շահինը մասնակցել է որպես քրդամետ Խաղաղություն եւ ժողովրդավարություն կուսակցության անդամ, սակայն ավելի ուշ՝ դուրս եկել կուսակցական ցուցակից։

Նրա խոսքերով, նոր կուսակցության նպատակը ճնշված ժողովուրդների համընդհանուր շահերը պաշտպանելն է։

Ինչպես թերթն է հիշեցնում, համշենցիները ծագումով հայեր են, ովքեր Հայաստանը 79Օ թվականին արաբների կողմից զավթվելուց հետո հաստատվել են Պոնտոսի շրջանում՝ Սեւ ծովի արեւելյան ափերում։ 148Օ թվականին օսմանցիները գրավել են այս տարածքները եւ 16ՕՕ-ին սկսել քրիստոնյա ընտանիքներից վերցնել արու զավակներին։ Իրենց որդիներին կորցնելու հնարավորությունից խույս տալու եւ մի շարք հավելյալ հարկերից ազատվելու նպատակով են այս շրջանների քրիստոնյա հայերը կրոնափոխվել՝ դառնալով մահմեդականներ։