Բողոքի ցույցերը Հունաստանում սաստկանում են

Բողոքի ցույցերը Հունաստանում սաստկանում են

Հունաստանում կառավարության կողմից տնտեսական խնայողությունների իրականացման ծրագրերի դեմ շարունակվող բողոքի ցույցերի մասնակիցները չորեքշաբթի օրը ընդհարվել են ոստիկանության ուժերի հետ:

Աթենքի կենտրոնում անկառավարելի դարձած ամբոխը ցրելու համար ոստիկանության հատուկ ուժերն արցունքաբեր գազ են օգտագործել:

Ամբողջ երկրում անցկացվող գործադուլի պատճառով փակվել են դպրոցները, դադարեցվել թռիչքները և հասարակական տրանսպորտի աշխատանքը: Գործադուլին լրագրողների միանալու պատճառով հեռուստա- և ռադիոկայանները առավոտյան լուրեր չեն հեռարձակել:

Հունաստանի կառավարությունն իրականացնում է խնայողության կտրուկ միջոցառումներ և չորեքշաբթի օրն ընդունել է օրենք, որով նախատեսվում է նվազեցնել հասարակական տրանսպորտի պետական ընկերություններում զբաղվածների աշխատավարձը:

Օրենքով նախատեսվում է նաև սահմանափակել մասնավոր հատվածում գործող կոլեկտիվների բանակցային հնարավորությունները` մասնավոր ընկերություններին ընձեռելով աշխատավարձները սահմանելու առավել մեծ հնարավորություններ:

Այս միջոցներն ընդունելով` Հունաստանը փորձում է հետևել ԵՄ-ից և ԱՄՀ-ից ստացված` 145 միլիարդ դոլար կազմող անհապաղ վարկի պայմաններին: