Հունաստանում շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերը

Հունաստանում շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերը

Հունաստանի հասարակական տրանսպորտի ոլորտի աշխատողներն Աթենքում հինգշաբթի օրը սկսել են բողոքի ևս մեկ ցույց՝ իրենց դժգոհությունն արտահայտելով կառավարության կողմից իրականացվող ֆինանսական խնայողության խիստ միջոցներով:

Սպասվում է, որ Հունաստանի մայրաքաղաքում գնացքների, ավտոբուսների ու տրոլեյբուսների աշխատանքը կդադարեցվի առնվազն երկու օրով:

Հունաստանի էներգետիկ ընկերության աշխատողները, անցկացնելով առանձին ցույց, ներխուժել են կառավարական շենքերից մեկը՝ գույքի նոր հարկ սահմանող օրինագծի հրապարակումը դադարեցնելու նպատակով:

Եվրոպական Միությունը և Արժույթի միջազգային հիմնադրամը երեքշաբթի օրը հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի հաջորդ ամսվա սկզբին Հունաստանին տրամադրվելու է 11 միլիարդ դոլար չափով հերթական տրանշը՝ նշելով սակայն, որ այս երկիրը, այնուամենայնիվ, պետք է կատարի ֆինանսական խնայողության նախանշված ցուցանիշներին հասնելու իր պարտավորությունները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հունաստանի նախարարների խորհուրդը հաստատել է 2012 թվականի բյուջեի նախագիծը, որտեղ նախատեսվում է կրճատել պետական մարմինների մոտ 30 հազար աշխատատեղ՝ մինչև հաջորդ տարվա ավարտը աշխատողներին թոշակի վաղաժամկետ ուղարկելու կամ աշխատանքից ազատելու միջոցով:

Հունաստանը փորձում է ապացուցել պարտատերերին, որ այն հաջողությամբ է իրականացնում ծախսերի կրճատման և եկամուտների ծավալների բարձրացման ծրագիրը՝ անցյալ տարվանից ֆինանսական օգնության համար նախատեսված գումարները ստանալու նպատակով:

Երկրի իշխանությունները համաձայն, այս գումարները չստանալու դեպքում Հունաստանը չի կարողանալու կատարել պարտքային իր պարտավորությունները, ինչը կարող է կործանիչ հետևանքներ ունենալ Եվրոպական Միության և Միացյալ Նահանգների, ինչպես նաև համաշխարհային տնտեսության համար: