Մեծ Բրիտանիայի իշխանությունները կարգադրել են փակել Իրանի դեսպանությունը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները կարգադրել են փակել Իրանի դեսպանությունը

Մեծ Բրիտանիայի իշխանությունները կարգադրել են անմիջապես փակել Լոնդոնում Իրանի դեսպանությունը և երկրից վտարել Իրանի դիվանագետներին:

Այս որոշման մասին չորեքշաբթի օրը հայտնել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները Թեհրանում դեսպանատան ուղղությամբ կատարված հարձակումից հետո Իրանից դուրս են բերել որոշ դիվանագետների և նրանց ընտանիքներին:

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը չորեքշաբթի օրը հայտնել է, որ իր առաջնահերթ գերակայությունը դեսպանության անձնակազմի և նրանց ընտանիքների անվտանգությունն է: Նախարարությունը սակայն չի մանրամասնել, թե քանի դիվանագետ է դուրս բերվելու Իրանից:

Իրանից դուրս բերվող անձանց առաջին խումբը չորեքշաբթի օրն արդեն ժամանել է Թեհրանի օդանավակայան, որտեղից նրանք տեղափոխվելու են Դուբայ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը երեքշաբթի օրն ասել է, որ երկրի դեսպանատան ուղղությամբ հարձակումներ կատարած իսլամիստներից այն չպաշտպանելու պատճառով Իրանը «լուրջ հետևանքներ» պետք է ակնկալի:

Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանության ուղղությամբ իրականացված հարձակումը չորեքշաբթի օրը քննադատել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը: Հարավային Կորեայի Պուսան քաղաքում անցկացվող համաժողովի ընթացքում հանդիպելով Մեծ Բրիտանիայի պաշտոնատար անձանց հետ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը «ցնցող և զայրացնող» է անվանել դեսպանատան ուղղությամբ կատարված հարձակումը, կոչ է արել Իրանի իշխանություններին հարձակման փաստով հետաքննություն անցկացնել և ձեռնարկել միջոցներ՝ ապագայում նման հարձակումները կանխելու ուղղությամբ:

Կորեայի Պուսան քաղաքում գտնվող ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը դատապարտել է Իրանում կատարված հարձակումը՝ ասելով, որ հարձակմամբ «թշնամանք է արտահայտվել ոչ միայն Մեծ Բրիտանիայի ժողովրդի, այլև միջազգային հանրության նկատմամբ»:

Արտգործնախարար Քլինթընն ասել է, թե Վաշինգտոնն ակնկալում է, որ Իրանի իշխանությունները կպաշտպանեն դիվանագետների կյանքն ու դիվանագիտական առաքելությունների գույքը՝ միջազգային կոնվենցիաների պահանջներին համաձայն: