Գերմանիայի արտգործնախարար. «Ուկրաինան մոտ է կանգնած պատերազմին»

Արտգործնախարար Շտայնմայերն ասել է, որ Ուկրաինայում ծավալված առճակատման ընթացքում լարվածությունը հասել է այնպիսի մակարդակի, «որը դեռևս կարճ ժամանակ առաջ անհնարին էր համարվում»
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը եվրոպական հեղինակավոր «El Pais», «Le Monde», «La Repubblica» և «Gazeta Wyborcza» պարբերականներին տված հարցազրույցում զգուշացրել է, որ Ուկրաինան մոտ է կանգնած պատերազմին:

«Օդեսայից ստացված արյունոտ տեսանյութերը ցույց են տվել մեզ, որ մինչև ռազմական բախումների ծավալումը մնացել է ընդամենը մի քանի քայլ», - ասել է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Շտայնմայերը հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայում ծավալված առճակատման ընթացքում լարվածությունը հասել է այնպիսի մակարդակի, «որը դեռևս կարճ ժամանակ առաջ անհնարին էր համարվում»:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը երեքշաբթի օրը զգուշացրել է այս պետության քաղաքացիներին Ղրիմ և Ուկրաինայի հարավ-արևելյան շրջաններ ճանապարհորդություն կատարելու վտանգների մասին:

Գերմանիայի դիվանագիտական գերատեսչությունը հորդորել է նաև այս տարածաշրջաններում գտնվող Գերմանիայի քաղաքացիներին լքել դրանք՝ նշելով, որ այնտեղ հատուկ վտանգի տակ են գտնվում լրագրողները: