Չինաստանն արգելել է Գերմանիայում արտադրված խոզի մսի և հավկիթի ներմուծումը

Չինաստանն արգելել է Գերմանիայում արտադրված խոզի մսի և հավկիթի ներմուծումը

Չինաստանն ասիական երկրորդ երկիրն է, որը դադարեցրել է գերմանական խոզի մսի և հավկիթի ներմուծումը՝ ի պատասխան դիօքսինով հնարավոր աղտոտվածության մտահոգությունների։

Անցյալ շաբաթ նույն քայլին էր դիմել Հարավային Կորեան։

Դիօքսինն արդյունաբերական նյութ է, որի բարձր պարունակությունն ունի քաղցկեղածին հատկություններ։

Որոշ կարծիքների համաձայն, դիօքսինն անցել է մթերքի մեջ գերմանական «Harles and Jentzsch» ընկերության արտադրված յուղերի միջոցով, որոնք օգտագործվել են որպես անասնակերի հավելանյութ։ Գերմանիայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել են, թե կարողացել են հաղթահարել այս խնդիրը, սակայն Ներքին Սաքսոնիայի ֆերմաներից մեկում երկուշաբթի օրը հայտնաբերվել է դիօքսինի բարձր պարունակությամբ խոզի միս։

Գերմանիայի իշխանությունները չորեքշաբթի օրը հայտնել են նաև, որ խնդիրը հայտնաբերելուց առաջ աղտոտված մսի որոշ քանակություն արդեն կարող էր վաճառված և սպառված լինել։

Չինաստանի իշխանությունների համաձայն, Գերմանիայից ներմուծված խոզի միսը և ձուն մանրամասն ուսումնասիրվելու են՝ երկրի շուկաներ առաքվելուց առաջ։

Չինաստան է արտահանվում Գերմանիայում արտադրված մսամթերքի ծավալի մոտ մեկ տոկոսը։