Գեներալ Ալեն. «Չնայած բռնությունների, Աֆղանստանում առաքելությունն ընթանում է ըստ նախատեսվածի»

Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զինված ուժերի հրամանատար, ԱՄՆ-ի ծովային հետևակի գեներալ Ջոն Ալենն ասել է, որ, չնայած վերջերս տեղի ունեցած անհաջողություների, «դաշնակիցները ուժերն ըստ ծրագրի են մղում Աֆղանստանում զինյալների «ապահով ապաստանների» վերացմանն ուղղված պայքարը»:

Գեներալ Ալենը երեքշաբթի օրը վկայություններ է ներկայացրել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի հանձնաժողովին, քանի որ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները համաձայն չեն Աֆղանստանից Միացյալ Նահանգների ստորաբաժանումների դուրսբերման տեմպերի հետ:

Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զինված ուժերի հրամանատարն առաջին անգամ է հանդես եկել Զինված ուժերի հանձնաժողովի առջև` մարտի 11-ին ԱՄՆ-ի զինծառայողի կողմից Աֆղանստանում 16 գյուղացիների սպանությունից, ինչպես նաև ԱՄՆ-ի ռազմակայանում Ղուրանի այրմամբ հրահրված և մարդկային բազմաթիվ զոհերի պատճառը դարձած բողոքի ցույցերից հետո:

ԱՄՆ-ի ծովային հետևակի գեներալ Ալենի համաձայն, ահաբեկչության դեմ մղվող պայքարում միշտ էլ կլինի առաջխաղացում և ձախողում, որոնք հաճախ կարող են տեղի ունենալ նույն օրվա ընթացքում: Դաշնակիցների և Աֆղանստանի ազգային զինված ուժերի միջև հարաբերություններն այնուամենայնիվ մնում են ամուր:

«Կարծում եմ՝ առաքելությունն ընթանում է ըստ ծրագրի: Մենք փոփոխություններ ենք առաջացնում: Ես և մեր զինծառայողները գիտենք դա»,- ասել է հրամանատարը:

Ալենի համաձայն, ԱՄՆ-ի զինծառայողների բարոյական վիճակը բարձր է՝ չնայած վերջերս տեղի ունեցած «զարհուրելի» մի քանի իրադարձությունների:

«Մեր զինծառայողները կենտրոնացած են իրենց առաքելության կատարման վրա: Այս հակամարտության սկզբից տասը տարի անց նրանց մասնագիտական պատրաստվածությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա», - ասել է Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զինված ուժերի հրամանատար, ԱՄՆ-ի ծովային հետևակի գեներալ Ջոն Ալենը: