Քադաֆիի որդին խոստացել է պայքարել մինչև վերջ

Սեիֆ ալ-Իսլամ Քադաֆի, 2007թ. (արխիվային լուսանկար)

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդիներից մեկը չորեքշաբթի ուշ երեկոյան հայտնել է Սիրիայի հեռուստաընկերություններից մեկին , որ ինքը գտնվում է Տրիպոլիի արվարձաններից մեկում, և որ Քադաֆիին հավատարիմ ուժերի հրամանատարները խոստացել են պայքարել մինչև վերջին զինվորը:

Սեիֆ ալ-Իսլամ Քադաֆին խոստացել է, որ ո՛չ ինքը, ո՛չ իր ընտանիքի անդամները երբեք չեն հանձնվի, և ասել է նաև, որ իր հայրն իրեն «լավ է զգում»:

Արբանյակային «ալ-Ռայի» ռադիոկայանին նա հայտնել է, որ Քադաֆիի կողմնակիցների բարոյական վիճակը բարձր է:

Սեիֆ ալ-Իսլամի լավատեսական տրամադրվածությունը կտրուկ տարբերվում է իր եղբայր Սաադիի խոսքերից, որը «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում ասել է, թե պատրաստ է Քադաֆիի դեմ հանդես եկող ուժերի հետ բանակցելու՝ կոալիցիոն կառավարություն կազմելու և արյունահեղությանը վերջ տալու նպատակով: Սաադիի համաձայն, այս հայտարարությամբ ինքը հանդես է եկել «իր հոր օրհնությամբ»:

«Նյու Յորք Թայմս» ամերիկյան օրաթերթը չորեքշաբթի մեջ է բերել Լիբիայի Անցումային ազգային խորհրդի փոխնախագահ Աբդուլ Հաֆիթ Ղոգայի խոսքերը, որի համաձայն ապստամբների հրամանատարները հայտնել են, թե Քադաֆին գտնվում է Տրիպոլիից դեպի հարավ-արևելք 240 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Բանի Վալիդ քաղաքում: Նրա համաձայն, «Անցումային ազգային խորհրդի ուժերը սպասում են՝ Քադաֆիին հանձնվելու հնարավորություն տալու նպատակով»: Ղոգայի խոսքերը սակայն դեռևս չեն հաստատվել անկախ մարմինների կողմից:

Այս ընթացքում Տրիպոլիի արևմտյան շրջաններից մեկում ձերբակալվել է Քադաֆիի արտաքին գործերի նախագահ Աբդելաթի ալ-Օբեիդին: Վերջինիս ձերբակալության ժամանակ ներկա է եղել «Ռոյթերս» գործակալության լրագրողներից մեկը:

Փարիզում հինգշաբթի օրը մեկնարկում է Միջազգային կոնտակտային խմբի աշխատանքին մասնակցող պետությունների հանդիպումը՝ Անցումային ազգային խորհրդի կողմից Լիբիայում վերահսկողություն հաստատելուց հետո այս երկրին անհրաժեշտ օգնության տրամադրումը քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցելու է Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը: Ռուսաստանն ու Չինաստանը չորեքշաբթի օրը հայտնել են այս հանդիպմանն իրենց հանձնակատարների մասնակցության մասին: