ԱՄՆ-ը և Ֆրանսիան միջազգային առավել ճկուն փոխարժեքներ կիրառելու կոչ են արել

گورنر پنجاب سلمان تاثیر کا قتل

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները, մասնակցելով Չինաստանի Նանջինգ քաղաքում անցկացվող միջազգային հանդիպմանը, միջազգային առավել ճկուն փոխարժեքներ կիրառելու կոչով է հանդես եկել։

Գայթները, հինգշաբթի օրը, դիմելով «Մեծ քսանյակի» կառավարական պաշտոնյաներին և կենտրոնական բանկերի ներկայացուցիչներին, ասել է, որ առավել ճկուն փոխարժեքների կիրառումը չափազանց կարևոր է միջազգային տնտեսական բարեփոխումների համար։

Նրա համաձայն, որոշ պետությունների կողմից խիստ վերահսկվող փոխարժեքների քաղաքականության անցկացումը մեծացնում է գնաճի վտանգը և խրախուսում պրոտեկցիոնիզմը։ Գայթները որևէ կոնկրետ պետության մասին չի խոսել, սակայն անցյալում Միացյալ Նահանգները բազմիցս է քննադատել Չինաստանին փոխարժեքների կոշտ վերահսկողություն իրականացնելու մեղադրանքով։

«Մեծ քսանյակն» այժմ նախագահող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նույնպես հանդես է եկել միջազգային առավել ճկուն փոխարժեքներ կիրառելու կոչով։

Բացի այդ, նա հորդորել է «Մեծ քսանյակին» մշակել Արժույթի միջազգային հիմնադրամի պահուստային ակտիվների արժեքը որոշելու համար օգտագործվող արտարժույթների զամբյուղում չինական յուանը ներառելու ժամանակացույց։

Մադրիդից իր գործունեությունն իրականացնող «Banco Bilbao Vizcaya» բանկի Ասիայի հարցերով գլխավոր տնտեսագետ Սթիվեն Շվարցը հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ Չինաստանի դրամի միջազգային օգտագործումն ընդլայնելուն ուղղված ջանքերը պայմանավորված են միջազգային առևտրում այս երկրի բաժնեմասի արագ աճով։

Շվարցի համաձայն, միջազգային առևտրում Չինաստանի բաժնեմասն այժմ կազմում է 12 տոկոս, մինչդեռ նույն ցուցանիշը տասը տարի առաջ կազմել է ընդամենը երկու տոկոս։

Չինաստանը սակայն Նանջինգում անցկացվող հանդիպման ընթացքում նշել է, որ իր դրամի փոխարժեքի խնդիրը քննարկման ենթակա չէ։