Ֆրանսիայի Սենատի մի խումբ անդամներ երեքշաբթի օրը դիմել են երկրի Սահմանադրական խորհուրդ՝ պահանջելով արգելափակել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
«Ֆրանս պրես» գործակալության վկայությամբ, ձախակողմյան կուսակցություններին հարող սենատորները հայտնել են, որ իրենք հավաքել են օրինագծին դեմ հանդես եկող 72 սենատորների ստորագրությունը:
Օրինագծի համապատասխանությունը երկրի սահմանադրության պահանջներին ուսումնասիրելու նպատակով այն Սահմանադրական խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար անհրաժեշտ է հավաքել 60 պատգամավորի ստորագրությունները:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի նստավայրից անցյալ երեքշաբթի հայտնել են, որ նախագահը խոստացել է ստորագրել օրենքը 15-օրյա ժամկետում:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատը հունվարի 23-ին ուշ երեկոյան քվեարկել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի օգտին:
Սենատը ձայների 127՝ կողմ, 86՝ դեմ հարաբերակցությամբ ընդունել է օրինագիծ, որով նախատեսվում է մինչև մեկ տարվա ազատազրկման և մոտ 59 հազար դոլարի տուգանքի ենթարկել Հայոց ցեղասպանության փաստը «հերքող կամ վիրավորական կերպով նվազեցնող» անձանց:
Սենատորներից շատերը, չնայած իրենց սպառնացող լուրջ հետևանքների, չեն մասնակցել քվեարկության՝ փոխարենը որպես լիազորված անձ գործելու թույլտվություն տալով իրենց գործընկերներին: Սենատի նիստերի դահլիճում գտնվողները սակայն մի քանի ժամ շարունակ թեժ քննարկումներ են վարել օրինագծի շուրջ:
Թուրքիան «մեծ անարդարություն» է անվանել Ֆրանսիայի Սենատի կողմից օրինագծի ընդունումը՝ ասելով, որ նման գործողությամբ «անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվել Թուրքիայի նկատմամբ»:
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ «այս օրը ոսկե տառերով կգրվի ոչ միայն ֆրանսիացի և հայ ժողովուրդների բարեկամության պատմության մեջ, այլև աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության տարեգրքում և կլրացնի մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման առկա մեխանիզմները»:
Թուրքիայի իշխանությունները սպառնացել են մշտական պատժամիջոցներ ընդունել Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ընդունելու դեպքում:
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը սակայն հորդորել է Թուրքիայն չափազանց սուր չարձագանքել օրինագծի ընդունման՝ ասելով, որ Թուրքիան համարվում է Ֆրանսիայի «շատ կարևոր դաշնակիցը»: