«Ազատությունն աշխարհում 2013». Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն առաջընթաց են գրանցել

Kosovo, Freedom House

Առաջընթաց է գրանցվել նաև Վրաստանում, Ադրբեջանի գնահատականը՝ անփոփոխ
«Freedom House» կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2013» զեկույցը, որի նախաբանում, անդրադարձ կատարելով անցյալ տարի սկսված «արաբական գարնանը», նշվել է, որ «ժամանակակից ավտորիտար վարչակարգերը գնալով է՛լ ավելի հնարամիտ են դառնում»:

«Նրանք ճկուն են. խեղաթյուրում և չարաշահում են իրավական համակարգը, գերազանց տիրապետում ժամանակակից գաղափարախոսության հնարքներին: Սակայն, մանավանդ՝ Արաբական գարնան սկզբից, նրանց անհանգստությունը գնալով ուժեղանում է, ինչի պատճառով ավելի ինտենսիվ են հետապնդում փոփոխություն պահանջող բնակչության շարժումները», - զեկույցի նախաբանում նշել է «Freedom House»-ի հետազոտությունների գծով փոխտնօրեն Արչ Փադինգթոնը:

Կազմակերպության զեկույցում ներկայացվել է 195 պետություններում և 14 «տարածքներում» քաղաքական և քաղաքացիական իրավունքների ոլորտում ստեղված իրավիճակը:

«Ազատությունն աշխարհում 2013» զեկույցում ներկայացված տվյալների համաձայն, Հայաստանի ցուցանիշներից մեկը նախորդ տարվա համեմատությամբ բարելավում է գրանցել:

Չնայած անցյալ տարվա նման Հայաստանը գնահատվել է որպես «մասամբ ազատ» երկիր, սակայն զեկույցում բերված աղյուսակի համաձայն, որտեղ «1»-ը նշանակում է ազատության ամենաբարձր մակարդակը, իսկ «7»-ը` ամենացածր, «Քաղաքական իրավունքներ» և «Քաղաքացիական ազատություններ» ցուցանիշները երկրում կազմակերպության կողմից գնահատվել են, համապատասխանաբար, «5» և «4» մակարդակի վրա: Այսպիսով, Հայաստանում նախորդ տարվա համեմատ առաջընթաց է գրանցել «Քաղաքական իրավունքներ» ցուցանիշը՝ նախորդ զեկույցում գրանցված «6» մակարդակի համեմատ բարելավելով մեկ կետով:

«Հայաստանում «Քաղաքացիական իրավունքներ» ցուցանիշը առաջընթաց է գրանցել՝ մայիս ամսին անցկացված խորհրդարանական խաղաղ ընտրությունների շնորհիվ, ինչը հակակշիռ դարձավ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո իրականացված բռնությունների հետևանքով գրանցված անկմանը», - նշված է զեկույցում:

Ըստ զեկույցի, անցյալ տարվա համեմատությամբ բարելավվել է նաև ազատությունների իրավիճակը Արցախում: Լեռնային Ղարաբաղի գնահատականը, որն անցյալ տարի գնահատվել էր որպես «ոչ ազատ» երկիր, այս տարվա զեկույցում փոխվել է՝ հասնելով «մասամբ ազատ»-ի՝ «շնորհիվ հուլիս ամսին անցկացված մրցակցային նախագահական ընտրություններում իրական ընդդիմության մասնակցության»: Արցախի «Քաղաքական իրավունքներ» ցուցանիշն անցյալ տարվա «6»-ի համեմատությամբ առաջընթաց է գրանցել՝ հասցնելով «5» մակարդակի, իսկ «Քաղաքացիական ազատություններ» ցուցանիշն անցյալ տարվա զեկույցի համեմատ մնացել է նույն` «5» մակարդակի վրա:

Հարավկովկասյան պետություններում այս տարվա զեկույցի համաձայն դրական տեղաշարժ գրանցվել է նաև Վրաստանում, որտեղ, անցյալ տարվա համեմատությամբ, առաջընթաց է գրանցել «Քաղաքական իրավունքներ» ցուցանիշը՝ «4» մակարդակից բարձրանալով «3» մակարդակի: «Քաղաքացիական ազատություններ» ցուցանիշն անցյալ տարվա համեմատությամբ մնացել է նույնը` «3» մակարդակների վրա: Նույնն է մնացել Վրաստանի՝ որպես «մասամբ ազատ» երկրի գնահատականը:

«Freedom House» կազմակերպության «Ազատությունն աշխարհում 2013» զեկույցի համաձայն, Ադրբեջանում, չնայած անցյալ տարվա համեմատ «Քաղաքական իրավունքներ» և «Քաղաքացիական ազատություններ» ցուցանիշների անփոփոխ մնալու հանգամանքին, բացասական միտում է պահպանվում: «Քաղաքական իրավունքներ» և «Քաղաքացիական ազատություններ» ցուցանիշները մնացել են անփոփոխ` «6» և «5» մակարդակներին:

Կազմակերպության զեկույցի համաձայն, անցյալ տարվա համեմատությամբ «Քաղաքացիական ազատություններ» ցուցանիշն անկում է գրանցել Թուրքիայում՝ «3»-ից իջնելով մինչև «4» ցուցանիշ:

«Թուրքիայում «Քաղաքացիական ազատություներ» ցուցանիշն անկում է գրանցվել՝ հազարավոր անձանց, ներառյալ քուրդ ակտիվիստներին, լրագրողներին, արհմիությունների առաջնորդներին, ուսանողներին և զինված ուժերի ծառայողներին, մինչդատական կալանքի ենթարկելու համար այնպիսի դատավարություններում, որոնք, շատերի կարծիքով, քաղաքական դրդապատճառներ ունեն», - ասված է զեկույցում: