«Freedom House»-ը հրապարակել է «Պետություններ անցումային շրջանում» զեկույցը

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Պետություններ անցումային շրջանում 2012» զեկույցը, որտեղ ներկայացվում է անցյալ տարվա ընթացքում Կենտրոնական և Արևմտյան Եվրոպայի և Եվրասիայի պետությունների ժողովրդավարության ոլորտներում տեղի ունեցած զարգացումները:

Զեկույցի հրապարակումն ուղեկցող մամուլի հաղորդագրությունում իրավապաշտպան կազմակերպությունը մասնավորապես շեշտել է, որ տնտեսական անկայունության խորացման հետ համատեղ հատկապես Հունգարիայում և Ուկրաինայում նոր թափ են առնում հակաժողովրդավարական միտումները, որոնք ունեն տարածաշրջանում տարածվելու ներուժ:

«Քանի որ Եվրոպական Միության նոր անդամ պետություններում, որոնք վերջին քսան տարվա ընթացքում բարձր ցուցանիշներ էին գրանցել, տեսանելի են դառնում անկման նշաններ, միջազգային հանրությունը պետք է առավել մեծ ուշադրության արժանացնի Կենտրոնական և Հարավարևմտյան Եվրոպայում ժողովրդավարական համախմբմանը սպառնացող՝ գնալով խորացող մարտահրավերներին», - նշել է «Պետություններ անցումային շրջանում 2012» զեկույցի ծրագրի ղեկավար Սիլվանա Հաբդանկ-Կոլաչկովսկան:

Զեկույցում անցումային շրջանի պետությունների ժողովրդավարության ոլորտում տիրող իրավիճակը գնահատվել է ինչպես առանձին ցուցանիշների, այնպես էլ ցուցանիշների համախմբման՝ «Ժողովրդավարության գնահատականի» միջոցով՝ յոթ բալանոց սանդղակով, որտեղ «1» բալը նշանակում է ժողովրդավարության ոլորտում գրանցված ամենամեծ, իսկ «7» գնահատականը՝ ամենափոքր առաջընթացը:

Զեկույցում ներկայացվել է պետություններում ժողովրդավարության զարգացման առանձին յոթ ցուցանիշ, որոնք են «Ընտրական գործընթացը», «Քաղաքացիական հասարակության վիճակը», «Մամուլի ազատությունը», «Ժողովրդավարական կառավարումը պետական մակարդակով», «Պետական կառավարման ժողովրդավարությունը», «Տեղական կառավարման ժողովրդավարությունը», «Դատական համակարգի անկախությունը» և «Կաշառակերությունը»:

Այս յոթ ցուցանիշներից 2012 թվականի ընթացքում, համեմատած 2011-ին գրանցված տվյալների, Հայաստանում առաջխաղացում է գրանցել միայն «Կաշառակերություն» ցուցանիշը՝ 2011 թվականի 5.50-ից 2012 թվականին նվազելով մինչև 5.25:

Ըստ զեկույցի, այս չնչին առաջխաղացմանը նպաստել է Հայաստանում էլեկտրոնային կառավարման ծառայությունների ներդրումը, որը գնահատվել է որպես «դրական քայլ՝ ցածր մակարդակի կաշառակերության դեմ պայքարելու գործում»:

Ընդհանուր առմամբ, «Ժողովրդավարության գնահատականը» Հայաստանում, համեմատած 2011 թվականի հետ, գրանցել է աննշան առաջընթաց՝ 2011 թվականի 5.43-ից 2012 թվականին գրանցելով 5.39 ցուցանիշը, իսկ Հայաստանը դասվել է «կիսաավտորիտար կառավարում ունեցող» պետությունների շարքում:

Հայաստանի հետ նույն խմբում, ըստ զեկույցի, այս տարի հայտվել է Կոսովոն, որի «Ժողովրդավարության գնահատականը» կազմել է 5.18:

Հարևան Ադրբեջանի «Ժողովրդավարության գնահատականը» նախորդ տարվա համեմատ նվազել է՝ հասնելով 6.57 ցուցանիշի:

«Freedom House»-ի զեկույցը Ադրբեջանին՝ Ռուսաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ղազախստանի, Բելառուսի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի հետ միասին դասել է «Ավտորիտար կառավարում ունեցող» երկրների շարքում: