«Freedom House»-ը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել թույլատրել բողոքի ցույցերի անցկացումը

Logo nevladine organizacije "Fridom Haus"

«Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունը մարտի 11-ին Ադրբեջանում կայանալիք բողոքի ցույցերի նախօրեին կոչ է արել այս երկրի իշխանություններին հարգանք ցուցաբերել հավաքների և միավորման ազատության նկատմամբ:

Իրավապաշտպան կազմակերպության կողմից տարածված մամուլի հաղորդագրության համաձայն, Ադրբեջանում երիտասարդ երեք ակտիվիստների ձերբակալությունը և երկրի բնակչությանը սոցիալական ցանցեր օգտագործելուց զերծ մնալու մասին հրապարակային կոչերը բռնությունների հնարավոր կիրառման վերաբերյալ մտահոգության տեղիք են տալիս:

«Գալիք երկու օրերի ընթացքում Ադրբեջանում ակտիվիստների նկատմամբ բռնությունների կիրառումը լինելու է ոչ միայն ճնշումների սաստկացման նշան, այլև բերելու է միջազգային հանրության քննադատության և երկրում սոցիալական դժգոհության սրման», - ասել է «Freedom House» կազմակերպության գործադիր տնօրեն Դեյվիդ Կրամերը:

«Անհանգստություն են պատճառում Ադրբեջանում վերջերս կատարված ձերբակալությունները: Արտահայտության ազատության հետագա սահմանափակումը և նոր ձերբակալությունները լինելու են այս երկրում իշխող վարչակարգի ոչ թե հզորության, այլ թուլության նշան», - շեշտել է «Freedom House»-ի գործադիր տնօրենը: