«Չինաստանում լրագրողները ենթարկվում են ծեծի և ահաբեկման»

«Չինաստանում օտարերկրյա լրագրողների ակումբ»-ի համաձայն, լրագրողների դեմ ուղղված միջադեպերից մի քանիսի մեջ ներգրավված են եղել Չինաստանի անվտանգության ուժերը
Օտարերկրյա մամուլի միավորումը բողոքել է Չինաստանում աշխատող միջազգային լրատվամիջոցների լրագրողների նկատմամբ վերջերս իրականացված ահաբեկչությունների, սպառնալիքների և ծեծի ալիքի մասին:

«Չինաստանում օտարերկրյա լրագրողների ակումբ» («FCCC») կազմակերպության կողմից երեքշաբթի օրը տարածված հաղորդագրությունում ասված է, որ նման միջադեպերի բնույթն ու հաճախությունը մտահոգության տեղիք են տալիս:

«FCCC»-ի համաձայն, միջադեպերից մի քանիսի մեջ ներգրավված են եղել Չինաստանի անվտանգության ուժերը:

Պեկինից իր գործունեությունն իրականացնող «FCCC»-ը, Հոնկոնգում և Շանհայում նույն ոլորտում գործող կազմակերպությունների հետ համատեղ հայտնել է, որ նման միջադեպերը «ֆիզիկական վնասվածքներ ստանալու հստակ վտանգ են ներկայացնում Չինաստանում պարզապես իրենց մասնագիտական պարտքը կատարող լրագրողների համար»:

Օտարերկրյա լրագրողները բավականին վաղուց են բողոքում Չինաստանում իրենց գործունեության մեջ պետական մարմինների կողմից կատարվող միջամտության մասին:

«FCCC»-ի խորհրդի անդամ Կլաուդիա Թրեվիզանը հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ Չինաստանում տասնամյակը մեկ Կոմունիստական կուսակցության ներսում իշխանության փոխանցման ժամանակի մոտենալուն պես այս երկրի իշխանությունները է՛լ ավելի «դյուրագրգիռ» են դառնում:

Թրեվիզանի համաձայն, հնարավոր չէ ասել, արդյոք լրագրողների դեմ չարաշահումների իրականացման աճող միտում է նկատվում՝ հավելելով սակայն, որ կազմակերպության կողմից երեքշաբթի օրը ներկայացված դեպքերը նկարագրում են Չինաստանում գործունեություն իրականացնող օտարերկրյա լրագրողների ունեցած դժվարությունները