Խնդիր հիմքում, ըստ գործակալության, ընկած է Եվրոպայում ծավալված վարկային ճգնաժամը
Ֆինանսական ոլորտում ծառայություններ մատուցող խոշորագույն ընկերներից մեկը՝ «Fitch» ընկերությունը մտահոգություն է հայտնել այն հանգամանքով, որ եվրոյի գոտում չդադարող ճգնաժամը և վարկային հեռանկարների վերջերս տեղի ունեցած նվազեցումը շարունակում է խաթարել համաշխարհային տնտեսական զարգացումը:
Նյու Յորքից իր գործունեությունն իրականացնող վարկանիշային գործակալությունը երեքշաբթի օրը հրապարակված զեկույցում նշել է, որ վերջին վեց ամսվա ընթացքում պետական, միջազգային հանրային ֆինանսների, ապահովագրության և ֆինանսական ինստիտուտների ոլորտում վարկային բացասական հեռանկարների հաճախությունը գրեթե կրկնապատկվել է:
Խնդիր հիմքում, ըստ գործակալության, ընկած է Եվրոպայում ծավալված վարկային ճգնաժամը: «Fitch» ընկերության Եվրոպայի և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում վարկային ոլորտի պատասխանատու Տրեվոր Փաթմանը հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ եվրոյի գոտում չդադարող ճգնաժամը դեռևս երկար ժամանակ է տևելու:
Ընկերության համաձայն, Հունաստանում հունիս ամսին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո եվրոյի գոտուց այս պետության դուրս գալու պատճառով հնարավոր կործանիչ հետևանքների վերաբերյալ մտահոգությունները նվազել են: Այն սակայն զգուշացրել է, որ վարկային ավելի խոշոր ճգնաժամը հնարավոր է չդադարի այնքան ժամանակ, մինչև եվրոպական պետությունների ղեկավարները չմշակեն «առավել մեծ ինտեգրման արժանահավատ և իրական ծրագիր»:
Այս ընթացքում, ըստ «Fitch»-ի, բացասական վերջին ցուցանիշները վկայում են այն մասին, որ համաշխարհային տնտեսական անկման ծավալները գերազանցել են նախնական գնահատականները: Ըստ ընկերության, աշխարհում 2012 թվականին տնտեսական աճը կկազմի ընդամենը 2,2 տոկոս: Ի համեմատություն, 2011 թվականին նույն ցուցանիշը կազմել է 2,7 տոկոս: