ԱՄՆ-ի Գերագույն դատարանը չորեքշաբթի օրը կանցկացնի առողջապահության համակարգի բարեփոխման օրենքի քննությանը նվիրված եզրափակիչ նիստը:
Նախորդ օրվա լսումների ընթացքում հիմնականում քննարկվել է այսպես կոչված «անհատական մանդատը»՝ դրույթ, որն ԱՄՆ-ի յուրաքանչյուր քաղաքացուն կպարտադրի առողջության ապահովագրություն գնել՝ հակառակ դեպքում սահմանելով ֆինանսական պատժամիջոցներ:
Օրենքի այս դրույթի կողմնակիցները պնդում են, որ այն անհրաժեշտ է՝ Միացյալ Նահանգների բոլոր քաղաքացիների միջև առողջության ապահովագրության ծախսերը բաշխելու և ԱՄՆ-ի ավելի քան 30 միլիոն չապահովագրված քաղաքացու առողջության ապահովագրություն տրամադրելու համար:
Առողջության ապահովագրության գնումը պարտադրող դրույթի համաձայն, առողջության ապահովագրություն գնելը պարտադիր կլինի նաև առողջական խնդիրներ չունեցող մարդկանց համար, որոնք ապահովագրություն այլապես չեն գնելու:
ԱՄՆ-ի Գերագույն դատարանի ամենապահպանողական դատավորները՝ դատավոր Անտոնին Սկալիայի առաջնորդությամբ կասկածի տակ են դրել մարդկանց որևէ ապրանք, ներառյալ առողջության ապահովագրություն, գնել պարտադրելու դաշնային կառավարության կարողությունը:
Դատարանը չորեքշաբթի օրը լսելու է նաև առողջապահության համակարգի բարեփոխման օրենքով նախատեսված՝ ցածր եկամուտ ունեցող ամերիկացիներին առողջության ապահովագրություն տրամադրվող «Մեդիքեյդ» ծրագրի ընդլայնմանը նվիրված բանավեճը:
Միացյալ Նահանգների Գերագույն դատարանի կողմից ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի առաջադրված «Հասանելի առողջապահության մասին» օրենքի շուրջ քննվող գործն իրավական և քաղաքական տեսակետից պատմական նշանակություն ունի: Նախագահ Օբաման երկու տարի առաջ հավանության է արժանացրել այս օրենքը՝ չնայած ընդդիմադիր հանրապետականների առարկության:
Այս օրենքին դեմ է հանդես գալիս 26 նահանգների և փոքր ձեռնարկությունների կոալիցիան, որը պնդում է, որ օրենքի ընդունմամբ դաշնային կառավարությունը գերազանցել է երկրի սահմանադրությամբ իրեն ստանձնած լիազորությունները: