Եգիպտոսի տապալված նախագահի ընտանիքը սպառնացել է դատական գործ հարուցել

Մորսիի ընտանիքը լրագրողների հետ Կահիրեում անցկացված հանդիպման ընթացքում մեղադրել է Եգիպտոսի զինված ուժերին տապալված նախագահի առևանգման մեջ
Եգիպտոսի տապալված նախագահ Մոհամեդ Մորսիի ընտանիքը հանդես է եկել երկրի զինված ուժերի դեմ և սպառնացել դատական գործ հարուցել՝ երկրի նախկին առաջնորդին ազատ արձակելու նպատակով:

Մոհամեդ Մորսիի ընտանիքը լրագրողների հետ Կահիրեում երկուշաբթի օրն անցկացված հանդիպման ընթացքում մեղադրել է Եգիպտոսի զինված ուժերին տապալված նախագահի առևանգման մեջ:

Նախկին նախագահի որդի Օսամա Մորսին ասել է, թե իր հայրն ընտանիք չի վերադարձել այս տարվա հուլիսի 3-ից՝ զինված ուժերի կողմից ժողովրդավարական եղանակով ընտրված Մորսիի կառավարության տապալման օրվանից:

«Այն, ինչ տեղի է ունեցել, մարդու առևանգման հանցագործություն է, ինչպես նաև ժողովրդի կամքի և մի ամբողջ երկրի առևանգման վար օրինակ», - ասել է Մորսիի որդին:

Տապալված նախագահ Մորսիի դուսրտ Շաիմաան իր հերթին քննադատության է ենթարկել Եգիպտոսի զինված ուժերի հրամանատար, պաշտպանության նախարար Աբդել Ֆաթահ ալ-Սիսինն, որը ղեկավարությամբ էին իրականացվել Մորսիի իշխանության տապալմանն ուղղված գործողությունները:

«Մենք պատասխանատվության ենք ենթարկում ռազմական արյունոտ հեղաշրջման առաջնորդին և նրա հանցակիցներին, որոնք նաև պատասխանատվություն են կրում խաղաղ բնակիչ և նախագահ իմ հոր անվտանգության և առողջության համար», - ասել է Մորսիի դուստրը:

Եգիպտոսի զինված ուժերի պաշտոնյաների համաձայն, նախկին նախագահ Մորսիի ազատազրկումն իրականացվել էր իր իսկ պաշտպանության համար, և որ վերջինիս առողջությանը որևէ վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի բանակի կողմից հովանավորվող երկրի ժամանակավոր նախագահ Ադլի Մանսուրը նախօրեին ընտրել է իրավական հարցերով մասնագետների, որոնց հանձնարարվել է երկրի նոր սահմանադրության մշակումը:

Եգիպտոսի նախորդ սահմանադրությունը կազմել էին նախկին նախագահ Մոհամեդ Մորսիի կողմից հաստատված իսլամիստական գաղափարախոսության կողմնակից իրավաբանները, որից հետո այն հաստատվել էր հասարակության ցածր մասնակցությամբ անցկացված հանրաքվեի արդյունքում և վերջնական հաստատում էր ստացել Մորսիի ստորագրությամբ։

Եգիպտոսի նախորդ սահմանադրությունը կասեցվել էր, երբ այս ամսվա սկզբին զինված ուժերն իշխանությունից վտարեցին իսլամիստ նախագահ Մորսիին։