Բնավորության գծերը հնարավոր է կանխորոշել «Facebook»-ի միջոցով

«Թվային հետքը» բավականին մանրամասն տեղեկություններ է հայտնում մարդու մասին
Քեմբրիջի համալսարանի գիտնականների կողմից վերջերս անցկացված հետազոտության համաձայն, հանրությանը հասանելի թվային գրառումները հնարավոր է ենթարկել վերլուծության՝ կանխորոշելու համար մարդկանց մասին այնպիսի տեղեկություններ, որոնք շատերը կցանկանային գաղտնի պահել:

Ըստ գիտկանակնների այս տեղեկություններից են սեռական նախասիրությունները, ազգությունը, կրոնական պատկանելիությունն ու քաղաքական հայացքները, մտավոր զարգացվածության մակարդակը, երջանիկ լինելը, տարիքը և սեռը:

Վերլուծությունն իրականացվել է՝ հիմք ընդունելով 58 հազար կամավորականների կողմից տրամադրված տվյալները, որոնք համաձայնել են հետազոտողներին բացահայտել «Facebook»-ում իրենց կողմից հավանության արժանացած գրառումները՝ «like»-երը:

Օգտագործելով «Facebook»-ում առկա տեղեկությունները, հետազոտողներին դեպքերի 88 տոկոս հաճախությամբ հաջողվել էր ճիշտ որոշել անձանց սեռը, 95 տոկոս դեպքերում՝ ռասայական պատկանելիությունը, 85 տոկոս դեպքերում՝ քաղաքական նախասիրությունները, օրինակ՝ արդյոք անձը դեմոկրատ է, թե՝ հանրապետական:

Բավականին ճշգրիտ՝ 82 տոկոս դեպքերում, որոշվել է անձանց կրոնական պատկանելիությունը, մասնավորապես՝ քրիստոնյա կամ մահմեդական լինելը:

Գիտնականների համաձայն, բավականին ճշգրիտ հնարավոր էր նաև չափել հետազոտության մասնակիցների մտավոր ունակությունները՝ հիմք ընդունելով վերջիններիս նախասիրությունները, ինչպես նաև օգտագործած որոշ հիմնական բառերը:

Հետազոտությունն անցկացրած գիտնականների կարծիքով, նման տեղեկություններ կարող են օգտագործվել առևտրային ընկերությունների կողմից՝ հնարավոր հաճախորդներին ուղղված գովազդն առավել ճշգրիտ թիրախավորելու նպատակով:

Գիտնականները սակայն զգուշացրել են, որ անձնական տեղեկությունները գովազդի թիրախավորման, ապրանքների և ծառայությունների բարելավման նպատակով օգտագործելու արդյունքում կարող է ներխուժում կատարվել դեպի անձնական գաղտնի տվյալներ: