Եւրոպական երկրները համաձայնվել են սկսել ֆինանսական արագընթաց գործողություններ

Աշխարհի տնտեսապես զարգացած 2Օ խոշորագույն երկրների ֆինանսների նախարարները եւ կենտրոնական բանկերի նախագահները համաձայնվել են Եվրոպայի ֆինանսական ճգնաժամը հարթելու համար սկսել արագընթաց գործողություններ։

Երկու օր տեւած քննարկումներից հետո, Ֆրանսիայի ֆինանսների նախարարը հայտարարել է, թե եւրոյի գոտին իր ծրագիրը վերջնական տեսքի կբերի հոկտեմբերի 23-ին Բրյուսելում անցկացվելիք Եւրոպայի խորհրդի հանդիպման ժամանակ։

Նրա խոսքերով, Եւրոպայի ամենախոշոր տնտեսություններն ունեցող Գերմանիան եւ Ֆրանսիան մոտ են Հունաստանի պարտքերը մարելու հարցում մասնավոր ներդրողների կողմից կորուստների ծավալը հաստատելու հարցի շուրջ համաձայնությանը։ Հունաստանի պարտքերը կրճատելու խնդիրը կարեւոր հանգամանք է եւրոյի գոտու ճգնաժամը հարթելու գործում։

Մեծ քսանյակի պետությունների ղեկավարներն այս ծրագիրը հաստատելու են եկող ամիս Կաննում անցկացվելիք հանդիպման ժամանակ։

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները ողջունել է ճգնաժամը հարթելու հարցում Եվրոպական Միության կողմից ցուցաբերվող վերջին նախաձեռնությունները։

Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահը նախազգուշացրել է, որ զարգացած երկրների տնտեսական խնդիրները շուտով ուղիղ ազդեցություն կգործեն աշխարհի նոր զարգացող երկրների վրա։