Եվրամիության ռազմածովային ուժերը հարված են հասցրել սոմալեցի ծովահենների հենակետերի ուղղությամբ

Ծավահենների դեմ պայքարող Եվրոպական միության ռազմածովային ուժերն առաջին անգամ օդային հարված են հասցրել Սոմալիի ցամաքային տարածքում տեղակայված ծովահենների հենակետերի ուղղությամբ:

ԵՄ-ի ռազմածովային ուժերի կողմից երեքշաբթի օրը հրապարակված հաղորդագրության համաձայն, հարձակումը եղել է «թիրախային, ճշգրիտ և համաչափ՝ ուղղված Սոմալիի առափնյա տարածքում տեղակայված ծովահենների պահեստների դեմ»:

Հարվածի թիրախի ճշգրիտ տեղակայման, ինչպես նաև թիրախի բնույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ չեն ներկայացվել:

Եվրամիության ռազմածովային ուժերն առաջին անգամ են օդային հարված հասցրել ցամաքում գտնվող ծովահենների պահեստների ուղղությամբ: Այս հարվածից առաջ ռազմածովային ուժերը հարվածներ էին իրականացնում միայն Սոմալիի տարածքային և ներքին ջրերում:

Ռազմածովային ուժերը հայտնել են նաև, որ հարձակումն իրականացվել է Սոմալիի անցումային կառավարության հավանությամբ, և որ գործողության մեջ Եվրոպական Միության ցամաքային ուժերը ներառված չեն եղել:

Եվրոպական Միության ռազմածովային ուժերի կազմում ներկայում ներառված է ինը ռազմանավ և ռազմական հինգ նավակ, որոնք կազմում են Աֆրիկյան Եղջյուր թերակղզում ծովահենության դեմ համապարփակ պայքարի մասերից մեկը: