ՄԱԿ–ը հորդորում է Եվրամիությանը չհրաժարվել օտարներին ապաստան տալու քաղաքականությունից

ՄԱԿ–ը հորդորում է Եվրամիությանը չհրաժարվել օտարներին ապաստան տալու քաղաքականությունից

ՄԱԿ–ի փախստականների հարցերով զբաղվող գործակալությունը կոչ է արել Եվրամիությանը չդադարեցնել բռնություններից և հետապնդումներից ապաստան փնտրող անձանց ընդունումը։

Գործակալության գլխավոր հանձնակատարի խոսնակ Անդրեյ Մահեչիչի համաձայն, իր կազմակերպությունը հույս է հայտնել, որ անօրինական ներգաղթի դեմ պայքարի ընթացքում «Եվրոպան մոռացության չի մատնի» օտարերկրյա պետություններից պաշտպանություն հայցող անձանց։

ՄԱԿ–ի այս կազմակերպության հաշվարկներով, Եվրոպա ծովով հասնելու փորձ կատարող մարդկանց թիվը նվազել է 72,5 տոկոսով, սակայն Մահեչիչն ասել է, որ դրանով խնդիրը չի լուծվել, այլ պարզապես տեղափոխվել է այլ տարածաշրջաններ։

Աապաստան փնտրող հուսահատ մարդիկ այսօր ավելի շատ փորձում են Եվրոպա հասնել ցամաքային ճանապարհներով կամ հայտնվում մարդկանց անօրինական եղանակներով տեղափոխող անձանց ձեռքում։

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը տեղեկացնում է, որ այս տարվա ընթացքում ծովով Եվրոպա է ժամանել ընդամենը 10 հազար մարդ՝ անցյալ տարվա 32 հազարի փոխարեն, սակայն միայն Հունաստան ցամաքով ժամանողների թիվը աճել է 415 տոկոսով՝ կազմելով գրեթե 39 հազար մարդ։

Գործակալութան համաձայն, Հունաստանում ապաստան հայցողները գրեթե չունեն իրենց հայցերը պատշաճ գնահատելու հնարավորություն և պահվում են «չափազանց ծանր պայմաններում»։