Էրդողանը Հայաստանից «խիզախ և համարձակ քայլեր» է ակնկալում

Your browser doesn’t support HTML5

«Հուսով եմ, որ հայկական պետությունը և կառավարությունը կտեսնեն մեր կողմից ձեռնարկվող վճռական քայլերը և կձեռնարկեն նման խիզախ և համարձակ քայլեր, որոնք մենք ակնկալում ենք նրանցից», - ասել է Թուրքիայի վարչապետը
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը կրկին ցավակցական հայտարարությամբ է դիմել Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին:

Վարչապետ Էրդողանը, երեքշաբթի օրը հանդես գալով Թուրքիայի խորհրդարանում, ասել է, թե «Թուրքիան ցանկանում է կառուցել խաղաղության և բարեկամության ապագա»:

«Մենք այս ճանապարհով կանցնենք այն բոլորի հետ, ով ցանկանում է անցնել այն մեզ հետ: Ես կրկին ցանկանում եմ իմ ցավակցություն հայտնել Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, ովքեր իրենց կյանքը կորցրել են 99 տարի առաջ, և մենք աղոթում ենք, որ Աստված թույլ չտա, որ որևէ պետություն ենթարկվի նման տառապանքների», - ասել է Էրդողանը՝ դիմելով Թուրքիայի խորհրդարանին:

«Հուսով եմ, որ հայկական պետությունը և կառավարությունը կտեսնեն մեր կողմից ձեռնարկվող վճռական քայլերը և կձեռնարկեն նման խիզախ և համարձակ քայլեր, որոնք մենք ակնկալում ենք նրանցից», - շեշտել է Թուրքիայի վարչապետը:

Թուրքիայի վարչապետի կողմից Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին արված հայտարարությանն անդրադարձ են կատարել ամերիկահայ կազմակերպությունները:

Ամերիկայի հայկական համագումարը, որի հայտարարության համաձայն Թուրքիայի վարչապետ Էրդողանն, այնուամենայնիվ, չի ճանաչել Հայոց ցեղասպանությունըն նշել է, որ նա «միաժամանակ նոր շերտեր ավելացնելով պաշտոնական Անկարայում սկիզբ առնող ժխտմանը»:

«Հայոց ցեղասպանության զոհերի հոգիները չեն կարող խաղաղությամբ ննջել այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիան շարունակում է ցեղասպանության ժխտման իր քաղաքականությունը», - ասել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին՝ հավելելով. «Հայոց ցեղասպանության միջազգային, այդ թվում՝ ցեղասպանությունը վերապրածներին օգնելու ուղղությամբ ԱՄՆ-ի մարդասիրական միջամտության պատմության ազնիվ գլուխը, ճանաչումը կանխելու նպատակով միլիոնավոր դոլարներ ծախսելու փոխարեն Թուրքիայի կառավարությունը պետք է անդրադառնա ցեղասպանության և դրա 99 տարի տևող ժխտման հետևանքներին»:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, արձագանքելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից «1915 թվականի իրադարձությունների» շուրջ արված հայտարարությանը, «ցեղասպանության ժխտման վերափաթեթավորում» է որակել այն:

«Վարչապետ Էրդողանն ր հայտարարության մեջ ապարդյուն փորձ է կատարում՝ խուսափելու համար Հայոց ցեղասպանության համար պատասխանատվությունից՝ պարզ, չլուծված երկկողմանի հակամարտության մակարդակի նվազեցնելով դեռևս անպատիժ մնացող միջազգային այս հանցագործության նշանակությունը», - ասել էր Համբարյանը՝ հավելելով, որ «ո՛չ փաստերը, ո՛չ էլ աշխարհում ընդունված իրավունքի և բարոյականության կանոնները չեն սատարում աղավաղված այս տեսակետը»: