Թուրքիայում մեկնարկել է ավելի քան երեք տասնամյակ առաջ` 1980 թվականի արյունալի ռազմական հեղաշրջման կազմակերպիչների նկատմամբ դատական հնչեղ գործընթացը:
Այս գործով անցնում են Թուրքիայի նախկին նախագահ, բանակի պաշտոնաթող գեներալ, 94-ամյա Քենան Էվրենն ու ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար, 88-ամյա Թահսին Շահինքայան: Մեղադրող կողմը պահանջում է ցմահ ազատազրկել նրանց։
Անկարայի դատարանի մոտակայքում չորեքշաբթի օրը հավաքված հարյուրավոր ցուցարարներ պահանջել են դատարանի առջև կանգնեցնել ռազմական հեղաշրջման ավելի մեծ թվթով կազմակերպիչների:
Ուշագրավ է, որ 1980 թվականի ռազմական հեղաշրջման կազմակերպիչներից մեկը` Էվրենը, հեղաշրջումն իրականացնելու հետո հերոս է համարվել, քանի որ նրան է վերագրվել Թուրքիայում քաղաքացիական պատերազմի ծավալմամբ սպառնացող քաղաքական ուժերի միջև բախումների դադարեցումը:
Էվրենն ու հեղաշրջման այլ մասնակիցները սակայն ավելի ուշ ցրել են Թուրքիայի խորհրդարանն ու քաղաքական կուսակցությունները և դադարեցրել երկրի սահմանադրության գործողությունը: Երեք տարի տևած ռազմական կառավարման արդյունքում ձերբակալվել է մոտ կես միլիոն մարդ, հարյուրավոր մարդիկ ենթարկվել են կտտանքների, մահապատիժ է կիրառվել 50 անձի նկատմամբ, երկրի հարյուրավոր քաղաքացիներ անհայտ կորած էին համարվում:
Էվրենը, հետագայում զբաղեցնելով Թուրքիայի վարչապետի պաշտոնը, արել է տխրահռչակ «Ինչու՞ կախաղան հանելու փոխարեն պետք է կերակրենք ահաբեկիչներին» արտահայտությունը:
Մինչև անցյալ տարվա սեպտեմբերին Թուրքիայում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացումը 1980 թվականի հեղաշրջման կազմակերպիչներն օգտվում էին անձեռնմխելիությունից։