Եգիպտոսում մասնագետների խումբը հավանության է արժանացրել նոր սահմանադրության նախագիծը

Ազատական և քրիստոնյա մոտ 30 մասնագետ լքել էր Եգիպտոսի սահմանադրության մշակման վրա աշխատող մասնագետների խումբը՝ արտահայտելով իրենց բողոքը երկրի նախագահին հավատարիմ իսլամիստների կողմից «գործընթացը հափշտակելու դեմ»
Եգիպտոսում նոր սահմանադրության մշակմամբ զբաղվող մասնագետների խումբը, որտեղ գերակշռող դիրք են զբաղեցնում իսլամիստները, հավանության է արժանացրել երկրի նոր սահմանադրության նախագիծը:

Մասնագետների այս խումբը, որտեղ մասնակցելուց հրաժարվել են քրիստոնեական և ազատական մի քանի մասնագետ, որպես օրենսդրության հիմնական աղբյուր պահպանել է մահմեդական օրենքի սկզբունքները:

Խմբի կողմից նոր սահմանադրության բոլոր 234 հոդվածների հավանության արժանացնելուն ուղղված հանդիպումն իրականացվել է հապճեպ և տևել հինգշաբթի օրվանից մինչև ուրբաթ օրվա սկիզբը:

Եգիպտոսի նոր սահմանադրության շուրջ այնուհետ անցկացվել է քվեարկություն՝ նախագիծը մինչև կիրակի օրը հավանության արժանացնելու նպատակով, քանի որ սպասվում է, որ կիրակի օրը երկրի դատական գերագույն ատյանը որոշում կկայացնի մասնագետների խմբի աշխատանքը շարունակելու շուրջ:

Վերջին մի քանի օրվա ընթացքում Եգիպտոսի սահմանադրության նոր նախագծի շուրջ աշխատող մասնագետների խմբի շարքերը լքել էր ազատական և քրիստոնյա մոտ 30 մասնակից՝ այսպիսով արտահայտելով իրենց բողոքը երկրի նախագահ Մոհամեդ Մորսիին հավատարիմ իսլամիստների կողմից «գործընթացը հափշտակելու դեմ»:

Սպասվում է, որ Եգիպտոսի նախագահը երկրի նոր սահմանադրության նախագիծը հանրաքվեի կհանի դեկտեմբեր ամսվա կեսերին:

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Թահրիր հրապարակում այս ընթացքում շարունակվել են նախագահ Մորսիի դեմ ուղղված բողոքի ցույցերը, ինչպես նաև ցուցարարների և ոստիկանության ուժերի միջև բախումները:

Ընդդիմության առաջնորդները հայտարարել են, թե ուրբաթ օրը նախատեսում են կրկին երթեր անցկացնել: «Մահմեդական եղբայրություն» իր հերթին կոչ է արել շաբաթ օրն անցկացնել ցույց՝ հօգուտ նախագահ Մորսիի կողմից իրեն չափազանց լայն լիազորություններ տրամադրելու հրամանագրի:

Եգիպտոսի սահմանադրական դատարանը խոստացել է դիմադրություն ցուցաբերել նախագահ Մորսիի կողմից ընդունված՝ «երկրի դատական համակարգը խարխլելուն ուղղված» հրամանագրին: Բարձրագույն դատարանները չորեքշաբթի օրը գործադուլ են հայտարարել՝ այսպիսով արտահայտելով իրենց բողոքը նախագահի կողմից արձակված հրամանագրի կապակցությամբ: Դատավորները խոստացել են գործադուլը շարունակել այնքան ժամանակ, մինչև սահմանադրական դատարանը որոշում չկայացնի նախագահ Մորսիի կողմից իրեն դատական մարմինների վերահսկողությունից բարձր դասելու կապակցությամբ: