Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի Թահրիր հրապարակում կրկին հավաքվել են ցուցարարներ՝ երկրի ռազմական ժամանակավոր ղեկավարներից պահանջելով արագացնել ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը:
«Ճանապարհը ճշտելու ուրբաթ» անվանված բողոքի այս ցույցը նպատակ է հետապնդում ճնշում գործադրել Եգիպտոսի զինված ուժերի գերագույն խորհրդի վրա՝ քաղաքացիական կառավարմանն անցնելու հստակ ժամանակացույց ներկայացնելու նպատակով:
Ցուցարարները և ակտիվիստները պահանջել են նաև դադարեցնել քաղաքացիական անձանց դատավարությունը ռազմական դատարաններում անցկացնելու գործելակերպը:
Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակը, որտեղ անցկացվել են Եգիպտոսում այս տարի տեղի ունեցած «Հունվարի 25-ի հեղափոխության» ամենազանգվածային ցույցերը, հուլիս ամսից, երբ անվտանգության ուժերը ցրել են այնտեղ անցկացվող նստադուլը, հիմնականում հանգիստ էր, քանի որ այնտեղ պարեկային ծառայություն էին իրականացնում երկրի Կենտրոնական անվտանգության ուժերը:
Եգիպտոսի ներքին գործերի նախարարությունը հինգշաբթի օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն բողոքի ցույցերից ընդառաջ Թահրիր հրապարակից դուրս են բերվելու անվտանգության ուժերը, քանի որ կառավարությունը «հարգում է խաղաղ ցույցեր անցկացնելու իրավունքը»:
Ցույցին մասնակցել են մի քանի տասնյակ քաղաքացիական խմբեր և կազմակերպություններ, սակայն Եգիպտոսի մահմեդական հիմնական կազմակերպությունները որոշել են բոյկոտել այս հավաքը՝ ասելով, որ ցուցարարները համաձայնության չեն եկել ընդհանուր պահանջների վերաբերյալ:
Եգիպտոսի «Մահմեդական եղբայրություն» շարժման «Ազատություն և արդարություն» կուսակցության գլխավոր քարտուղար Սաադ ալ-Քաթաթնին ասել է, որ իր կուսակցությունը չի մասնակցում՝ երկրի զինված ուժերի խորհրդին տալով «հեղափոխական պահանջները կյանքի կոչելու» ավելի շատ ժամանակ: