Եգիպտոսում երեքշաբթի օրը շարունակվել են երկրում նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո անցկացվող խորհրդարանական առաջին ընտրությունները, որոնց ընթացքին հետևում են հարյուրավոր դատավորներ:
Եգիպտոսի բնակիչները երկուշաբթի օրը կազմել են հերթեր՝ մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Չնայած վերջին մի քանի օրվա ընթացքում Կահիրեհի կենտրոնական Թահրիր հրապարակում երկրի ռազմական իշխանությունների դեմ ուղղված հանրահավաքների մասնակիցների նկատմամբ իրականացված բռնությունների, Եգիպտոսի մայրաքաղաքի վարչական շրջանում քվեարկությունն անցել է հիմնականում խաղաղ պայմաններում:
Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում, որտեղ նույնպես ընթանում էր քվեարկության առաջին շրջանը, «Մահմեդական եղբայրություն» շարժման «Ազատություն և արդարություն» կուսակցության խոսնակը հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ երկու շրջանում, որտեղ մահմեդական կուսակցությունները մեծ ժողովրդականություն են վայելում, քվեաթերթիկները չեն առաքվել մինչև կեսօր: Խոսնակը հայտնել է նաև, որ զինծառայողներն օգնություն են ցուցաբերել տեղամասերում անվտանգություն ապահովելու գործում:
Այս ընտրությունների ընթացքում մահմեդական կուսակցությունները՝ «Ազատություն և արդարություն», ինչպես նաև ավելի արմատական «Ալ Նուրի» կուսակցությունը հաջողության հասնելու հույսեր ունեն:
Եգիպտոսում անցկացվող խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, որն անցկացվում է Կահիրեհի վարչական շրջանում, ինչպես նաև երկրի այն մի քանի շրջաններում, կավարտվի երեքշաբթի օրը: Ընտրությունների երկրորդ փուլը կկայանա երկու շաբաթ անց: Երկրի այլ շրջաններում ընտրությունները կանցկացվեն հաջորդ ամսվա ընթացքում: