Եգիպտոսում գործող «Մահմեդական եղբայրություն» շարժումը հայտնել է, որ շարժման «Ազատություն և արդարություն» կուսակցությունն այս երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների առաջին փուլի ընթացքում ստացել է ձայների մեծամասնությունը:
Շարժման «Ազատություն և արդարություն» կուսակցությունը չորեքշաբթի օրը հայտնել է, որ կուսակցության կողմից կազմված կոալիցիան ստացել է ձայների մեծամասնությունը: Քվեարկության ընթացքում ստացված ձայների թվով երկրորդ տեղն, ըստ կուսակցության, զբաղեցրել է սալաֆիստների պահպանողական «ալ-Նուր» կուսակցությունը, իսկ երրորդ տեղը՝ Եգիպտոսի ազատական բլոկը:
Եգիպտոսի մամուլի կողմից հրապարակված տվյալների համաձայն, մահմեդական չափավոր «Ազատություն և արդարություն» կուսակցությունն ապահովել է ձայների ավելի քան 40 տոկոսը: Սպասվում է, որ պահպանողական սալաֆիստների խմբավորումը ձայների մեծամասնություն կստանա Եգիպտոսի գլխավոր երկրորդ քաղաքում՝ Ալեքսանդրիայում:
Քվեարկության նախնական արդյունքներն ակնկալվում են չորեքշաբթ օրը, իսկ երկրի խորհրդարանում որոշ տեղերի համար քվեարկություն երկրորդ փուլը կարող է անցկացվել հաջորդ շաբաթվա ընթացքում:
Եգիպտոսի խորհրդարանի ստորին պալատի ընտրությունների արդյունքներն ակնկալվում է ստանալ հունվար ամսին՝ երկրի մնացած մասում քվեարկության ևս երկու փուլ անցկացնելուց հետո:
Եգիպտոսի իշխանությունների համաձայն, երկրի 27 նահանգներից իննում անցկացված ընտրությունների առաջին փուլին մասնակցել է նահանգների բնակչության ավելի քան 70 տոկոսը:
«Ազատություն և արդարություն» կուսակցության առաջնորդների համաձայն, երկրում անցկացված ընտրությունների արդյունքում ձևավորված խորհրդարանական մեծամասնությունը պետք է որոշում կայացնի նոր կառավարություն կազմելու և վարչապետ ընտրելու մասին: Կուսակցության ղեկավարության համաձայն, երկուշաբթի և երեքշաբթի օրերին անցկացված քվեարկության ընթացքում ընտրողների մասնակցության բարձր ցուցանիշները վկայում են այն մասին, որ ժողովուրդը ցանկանում է իշխանությունը փոխանցել խորհրդարանին:
Եգիպտոսում իշխանության գլուխ կանգնած Զինված ուժերի խորհուրդը սակայն հայտնել է, որ օրենսդրական նորընտիր մարմինը լիազորված չի լինի պաշտոնից հեռացնել Խորհրդի կողմից նշանակված վարչապետին և ցրել իր գլխավորած կառավարությունը: