«Եգիպտոսում մեծամասնությունը հավանության է արժանացրել նոր սահմանադրությունը». պաշտոնական աղբյուրներ

Սպասվում է, որ հանրաքվեի պաշտոնական արդյունքները կհրապարակվեն մինչև այս շաբաթվա վերջ, սակայն, ըստ դիտորդների, որևէ կասկած չկա, որ քվեարկության արդյունքներով նոր սահմանադրությունը կընդունվի
Եգիպտոսի նոր սահմանադրության շուրջ անցկացված հանրաքվեի մասնակիցների ճնշող մեծամասնությունը հավանության են արժանացրել երկրի նոր սահմանադրությունը:

Այս մասին հաղորդել են Եգիպտոսի պաշտոնական աղբյուրները, որոնց համաձայն հանրաքվեի մասնակիցների 90 տոկոսից ավելին հավանության են արժանացրել նոր սահմանադրությունը:

Ըստ վերլուծաբանների, նախագահ Մոհամմեդ Մորսիի տապալումը բանակի կողմից սատարող Եգիպտոսի բնակիչների շրջանում նոր սահմանադրությունը հավանության արժանացնելը զարմանալի չէ: Նման արդյունքների, բացի այդ, նպաստել է այն հանգամանքը, որ պետական մարմինների կողմից իրականացվել է երկրում ցանկացած այլախոհություն ճնշելու արշավ:

Այս քվեարկությունը շատերը համարում են Եգիպտոսի զինված ուժերի հրամանատար Աբդել Ֆաթահ ալ-Սիսիի կողմից նախագահական ընտրություններում իր թեկնածությունը դնելուն ուղղված նախապատրաստություն:

Նոր սահմանադրության շուրջ Եգիպտոսում անցկացված հանրաքվեի դիտորդները հայտնել են, որ քվեարկությունը հիմնականում անցկացվել է առանց միջադեպերի՝ չնայած այն հանգամանքի, որ երեքշաբթի օրը տապալված նախագահ Մորսիի կողմնակիցների և ընդդիմախոսների միջև տեղի ունեցած բախումների, որոնց հետևանքով զոհվել էր առնվազն ինը մարդ:

Սպասվում է, որ հանրաքվեի պաշտոնական արդյունքները կհրապարակվեն մինչև այս շաբաթվա վերջ, սակայն, ըստ դիտորդների, որևէ կասկած չկա, որ քվեարկության արդյունքներով նոր սահմանադրությունը կընդունվի:

«Մահմեդական եղբայրությունը» մի շարք այլ խմբավորումների հետ միասին հորդորել է եգիպտացիներին բոյկոտել հանրաքվեն:

Եգիպտոսի նոր սահմանադրությունը կփոխարինի 2012 թվականին՝ նախագահ Մորսիի կառավարման ընթացքում ընդունված սահմանադրությունը: Երկրի նոր սահմանադրությունից հեռացվել են իսլամիստական ձևակերպումները, նախատեսվում է ավելի մեծ իրավունքներ տրամադրել կանանց և ուժեղացնել զինված ուժերի իշխանությունը: