Եգիպտոսի իշխանությունները ձերբակալել են «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող 19 անձ:
Այս մասին հարցազրույցում հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Հաբիբ ալ-Ադլին` նշելով, որ ձերբակալվածների թվում կային Թունիսի և Լիբիայի քաղաքացիներ:
Եգիպտոսի ներքին գործերի նախարարը հայտնել է, որ «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող այս խումբն օգտագործել է Եգիպտոսի տարածքը որպես տարանցման կետ Իրաքում գործող «ալ-Քաիդա»-ի խմբավորումներին միանալու ճանապարհին, և նշել, որ ձերբակալությունների ընթացքում առգրավվել է զենք և զինամթերք:
Ալ-Ադլին ձերբակալությունների մասին լրացուցիչ մանրամասներ չի տրամադրել, սակայն հայտնել է, որ այս խումբը որևէ առնչություն չունի Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում եկեղեցու վրա Ամանորի գիշերն իրականացված հարձակման հետ:
Եգիպտոսի կառավարության համաձայն, եկեղեցու վրա ահաբեկչական հարձակումն իրականացրել է «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող «Իսլամի բանակ» խմբավորումը:
«Իսլամի բանակ»-ը տարածել է հաղորդագրություն, որում հերքել է այս հարձակմանն իր ներգրավված լինելու մասին լուրերը: