Ուժգին երկրաշարժ Ռուսաստանում

Օխոտսկի ծովում տեղի ունեցած երկրաշարժի արձագանքները զգացել են նաև Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի բնակիչները
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունների համաձայն, երկրի արևելյան ափի մոտ տեղի է ունեցել 8,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ, որից հետո արձակվել է ցունամիի նախազգուշացում:

Սախալին կղզու բնակիչների համար արձակված ցունամիի նախազգուշացումը սակայն շուտով հանվել է:

Ռուսատանի օդերևութաբանական ծառայության շրջակա միջավայրի իրավիճակի մոնիթորինգի ծառայության համաձայն, երկրաշարժի հետևանքով «տեղաշարժվել է գրեթե ամբողջ մայրցամաքը»:

Ռուսաստանի լրատվամիջոցները հաղորդել են, որ Օխոտսկի ծովում տեղի ունեցած երկրաշարժի արձագանքները զգացել են նաև Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի բնակիչները: Քաղաքում տեղի ունեցած թեթև ցնցումների պատճառով տներից էվակուացվել է մի քանի հարյուր մարդ, իսկ Մոսկվայի մոտ 9 հազար բնակիչ ցնցումները զգալուց հետո դուրս է եկել փողոց:

Ռուսաստանի օդերևութաբանական ծառայության համաձայն, բացի Մոսկվայից Հեռավոր Արևելքում տեղի ունեցած երկրաշարժի արձագանքները զգացվել են նաև ամբողջ Սիբիրում, Ռուսաստանի եվրոպական մասի բնակավայրերում, ինչպես նաև Եվրոպայի այլ մասերում, մասնավորապես՝ Ռումինիայում: