Հետաքննության տակ է Իսպանիայում վթարված գնացքի վարորդը

Գալիսիայում ուղևորատար գնացքի տեղի ունեցած վթարի կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջինին
Իսպանիայի ոստիկանությունը հինգշաբթի օրը հետաքննություն է սկսել Սանտիագո դե Կոմպոստելա քաղաքի մոտակայքում վթարված գնացքի վարորդի նկատմամբ:

Ըստ հետաքննությունից տեղեկացված պաշտոնական աղբյուրներից մեկի, վթարի պատճառ էր դարձել գնացքավարի կողմից գնացքի արագության ռեժիմի խախտումը, որի հետևանքով և տեղի էր ունեցել 78 մարդու մահվան պատճառը դարձած վթարը:

Իսպանական «Էլ Պաիս» օրաթերթի համաձայն, գնացքավարքներից մեկը, որը վթարից հետո չէր կարողանում դուրս գալ իր խցիկից, ռադիոյով հաղորդել էր երկաթուղային կարայարան, որ երկաթուղու կոր հատված գնացքը մտել էր ժամում 190 կիլոմետր արագությամբ, մինչդեռ այս հատվածում գնացքի արագությունը սահմափակված էր 80 կմ/ժ արագությամբ:

Ըստ գնացքը շահագործող պետական «Ռենֆե» ընկերության խոսնակի, գնացքավարներից մեկը, 52-ամյա Ֆրանսիսկո Խոսե Գարզոնը, մոտ 30 տարի է աշխատում որպես գնացքավար: Լրատվամիջոցներում հայտնվել են հատվածներ վերջինիս ֆեյսբուքյան էջից, որտեղ նա պարծենում էր գնացքներն արագության ռեժիմի խախտմամբ վարելու հանգամանքով:

Այս հաղորդագրությունները հնարավոր չէր հաստատել, քանի որ հինգշաբթի օրը մուտքը դեպի ֆեյսբուքյան այս էջը արգելափակվել էր:
Իսպանիայի Գալիսիա ինքնավար մարզում, որտեղ գտնվում է Սանտիագո դե Կոմպոստելան վթարի զոհերի հիշատակը հարգելու համար հայտարարվել է յոթ օրվա սուգ:

Գալիսիայում ուղևորատար գնացքի տեղի ունեցած վթարի կապակցությամբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս Առաջինին:

«Կիսելով Ձեր և Իսպանիայի ողջ ժողովրդի վիշտն ու ցավը՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում», - ասված է Հայաստանի նախագահի ցավակցական հեռագրում: