Դեմոկրատների բանավեճը թեժանում է ու պարզեցնում նախընտրական վիճակը

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից նախագահական թեկնածու Հիլարի Քլինթոնը և Բերնի Սանդերսը միմյանց մարտահրավեր են նետել չորեքշաբթի օրը Ֆլորիդայում, մասնավորապես՝ ներգաղթի խնդրի շուրջ:

Ներգաղթի հարցը հատուկ կարևորություն ունի ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի համար՝ այստեղ իսպանախոս մեծաթիվ բնակչության պատճառով:

Բերնի Սանդերսը աներկբա է. «Երեխաները եկել են Հոնդուրասից, որտեղ, հնարավոր է, ավելի շատ բռնություն կա, քան՝ որևէ տեղ այս երկրում։ Նրանք եկել են այս երկիր, և ես ասում եմ բարի գալուստ այդ երեխաներին: Իսկ պետքարտուղար Քլինթոնն ասում է, որ նրանց հարկավոր է հետ ուղարկել...», - ասել է Սանդերսը:

«Դա ճիշտ չէ, ես այլ բան եմ ասել: Ես նշել եմ, որ մենք պիտի մտահոգվենք այս փոքրիկ երեխաների համար։ Ես կողմ եմ իրավական խորհրդակցության՝ անհրաժեշտ գործընթացների վերաբերյալ որոշում կայացնելու համար...», - ասել է Քլինթոնը:

Երկու թեկնածուներն էլ մերժում են հանրապետական թեկնածուի հավակնորդ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը ներգաղթի վերաբերյալ, որը վերաբերում է նաեւ Մեքսիկայի հետ սահմանին պատնեշ կառուցելուն և ԱՄՆ-ում անօրինական եղանակով բնակվող 11 միլիոն մարդու երկրից արտաքսելու մտադրություններին։

Քննարկումները տեղի են ունենում նախքան գալիք երեքշաբթի օրը կայանալիք նախնական ընտրությունները, երբ ընտրողները Ֆլորիդայում որոշելու են, թե երկու թեկնածուներից ով է ներկայացնելու կուսակցությունը նոյեմբերի ընտրություններում:

Հավակնորդները ավարտում են նախնական ընտրություններն այնտեղ և նաև չորս այլ կարևոր նահանգներում։ Սենատոր Սանդերսը փորձում է հաղթանակ տանել Միչիգանում և հասնել նախկին պետքարտուղար Քլինթոնին:

Քլինթոնը ունի կուսակցության թեկնածու դառնալու համար անհրաժեշտ ձայների ավելի քան կեսը: Սակայն Սանդերսը համարում է, որ Թրամփին հաղթելու համար դեռևս լավագույն թեկնածուն ինքն է: