Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների արտգործնախարարների խորհուրդը, որի նիստն ուրբաթ օրն անցկացվել է Ղազախստանի մայրաքաղաք Ասթանայում, ընդունել է «համատեղ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում» համագործակցություն հաստատելու անհրաժեշտության մասին հայտարարություն:
Մասնավորապես, նախատեսվում է հաստատել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի համագործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Աֆղանստանում սկիզբ առնող սպառնալիքների, առաջին հերթին՝ թմրամիջոցների անօրինական առևտրի և ահաբեկչության դեմ պայքար մղելու ոլորտում:
ՀԱՊԿ-ի ղեկավարությունը նախկինում ևս ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հաստատման ցանկություն էր հայտնել, սակայն հետագայում հայտնել էր, թե Բրյուսելը համագործակցություն հաստատելու վերաբերյալ պատշաճ շահագրգռվածություն չի ցուցաբերում:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների գագաթաժողովում ընդունվել է նաև ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հանձնակատար Քոֆի Անանի կողմից մշակված՝ Սիրիայում իրավիճակի կարգավորման ծրագիրը սատարելու մասին հայտարարություն: