Հունաստանի պահպանողականներն ունեն երեք օր՝ կառավարություն կազմելու համար

Հունաստանի պահպանողականների առաջնորդ Անտոնիս Սամարասին տրվել է երեք օր ժամանակ՝ կոալիցիոն կառավարություն կազմելու համար այն բանից հետո, երբ կիրակի օրն անցկացված խորհրդարանային ընտրությունների ընթացքում երկրին ֆինանսական օգնության տրամադրման կողմ հանդես եկող իր կուսակցությունը ստացել է ձայների մեծամասնությունը:

Սամարասը երկուշաբթի օրը հանդիպել է Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ, որն իրեն հանձնել է կոալիցիոն կառավարություն կազմելու մասին բանակցություններ մեկնարկելու մանդատը:

Եվրոպական Միության նախագահ Հերման Վան Ռոմփեյն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ ասելով, որ Եվրոպական Միությունը պատրաստ է աշխատելու Հունաստանի նոր կառավարության հետ և աջակցելու Հունաստանի տնտեսությունը «կայուն ուղու վրա դնելու ջանքերին»:

«Նոր Ժողովրդավարություն» պահպանողական կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստացել է ընտրողների ձայների 30 տոկոսը, ինչը թույլ է տվել կուսակցությանը զբաղեցնել Հունաստանի խորհրդարանի 300 տեղերից 129-ը, ներառյալ ձայների մեծամասնությունը ստացած կուսակցությանը տրվող լրացուցիչ 50 տեղերը:

Ձախակողմյան ծայրահեղ «Սիրիզա» կուսակցությունն ընտրությունների արդյունքներով երկրորդն է: Այս կուսակցությունը նվաճել է խորհրդարանական 71 տեղ:

Հունաստանին ֆինանսական օգնության տրամադրման կողմ հանդես եկող մեկ այլ՝ «ՊԱՍՈԿ» սոցիալիստական կուսակցությունը ստացել է խորհրդարանական 33 տեղ:

«Նոր Ժողովրդավարություն» պահպանողական կուսակցության առաջնորդ Սամարասը Հունաստանում անցկացված ընտրությունների արդյունքները «ամբողջ Եվրոպայի հաղթանակ» է անվանել: