Կոնգրեսական Շիֆը հարցեր է հղել Քլինթընին՝ Հայոց ցեղասպանության հարցում դիրքորոշման վերաբերյալ

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի բյուջեի հատկացումների հանձնաժողովի պետական և օտարերկրյա գործառնությունների ենթահանձնաժողովի չորեքշաբթի օրը կայացած նիստի ընթացքում ԱՄՆ-ի արտգործնախարար Քլինթընը պատասխաններ է ներկայացրել ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամների հարցերին:

Ենթահանձնաժողովի նիստի ընթացքում ԱՄՆ-ի կոնգրեսական, դեմոկրատ Ադամ Շիֆն իր մտահոգությունն է արտահայտել արտգործնախարար Քլինթընի կողմից հունվար ամսվա վերջին կատարած մեկնաբանություններով:

Շիֆն իր խոսքում նշել է, որ արտգործնախարար Քլինթընի կողմից Հայոց ցեղասպանության փաստի սխալ ներկայացումը ամերիկահայ համայնքի, ինչպես նաև բազմաթիվ իրավապաշտպանների «մեծ անհանգստության պատճառ» է դարձել: Կոնգրեսական Շիֆն ասել է, թե ԱՄՆ-ի արտգործնախարարի կողմից արված հայտարարությունը «ցավոք համապատասխանում է Թուրքիայի կառավարության քաղաքականությանը»:

Կոնգրեսական Շիֆը, մեջբերելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ում առկա բազմաթիվ փաստաթղթերը, նախագահ Ռոնալդ Ռեյգանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ 1981 թվականին արված հայտարարությունը, ինչպես նաև նախագահ Օբամայի և արտգործնախարար Քլինթընի կողմից ԱՄՆ-ի սենատորների պաշտոնը զբաղեցնելու ժամանակ արված հայտարարությունները, հարցրել է արտգործնախարար Քլինթընին, արդյոք այժմ նրա հայացքները փոխվել են:

ԱՄՆ-ի արտգործնախարար Քլինթընի կողմից ներկայացված բացատրության համաձայն, իր մեկնաբանությունները վերաբերել են Հայոց ցեղասպանության մերժումը քրեականացնելու մասին Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված օրինագծին: Իր պատասխանը ներկայացնելու ընթացքում Քլինթընը կրկնել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի դիրքորոշումը, ինչպես նաև նախագահ Օբամայի կողմից «ամբողջական, անկեղծ և արդարացի ճանաչման» մասին արված կոչը:

Կոնգրեսական Շիֆը հիշեցրել է արտգործնախարար Քլինթընին, որ Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետաձգումը շարունակում է լուրջ հետևանքներ ունենալ: Որպես նման հետևանք, Շիֆը ներկայացրել է ԱՄՆ-ի 9-րդ շրջանի դաշնային վճռաբեկ դատարանի որոշումը, որի համաձայն Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգները չեն կարող դատական հայցեր ներկայացնել իրենց չվճարած օտարերկրյա ապահովագրական ընկերությունների դեմ և իրենց նախնիներին ապահովագրական պոլիսներ վաճառած ընկերություններից փոխհատուցում պահանջել: Կոնգրեսական Շիֆի համաձայն, նման որոշումն ընդունվել է դաշնային կառավարության կողմից «վճռական և ճշմարիտ արտահայտվելու» անկարողության պատճառով:

Կոնգրեսական Շիֆի կողմից ներկայացված մեկնաբանություններին միացել են նաև ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ջեսսի Ջեքսոնը և Ստիվ Ռոթմանը:

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին թիվ 304 բանաձևի հիմնական հեղինակներ, Կալիֆորնիա նահանգի դեմոկրատ Ադամ Շիֆը և Իլինոյս նահանգի հանրապետական Ռոբերտ Դոլդը նամակ են հղել ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընին, որտեղ պահանջել են հրաժարվել Հայոց ցեղասպանությունը «պատմական քննարկումների առարկա» անվանելու վերաբերյալ իր խոսքերից:

Շիֆի և Դոլդի նամակը ստորագրվել է նաեւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատի իրենց 59 գործընկերների կողմից:

Արտգործնախարար Քլինթընին հղված նամակը ստորագրած կոնգրեսականները մասնավորապես նշել են, որ «որպես բաց հարց Հայոց ցեղասպանության պատմականորեն անճիշտ նկարագրությունը, բացի ամերիկահայերին և ցեղասպանության մյուս զոհերին վիրավորանք հասցնելու, խրախուսում է Թուրքիայի Հանրապետության կողմից իրականացվող ցեղասպանության ժխտման ամոթալի արշավը»: