ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարար Հիլարի Քլինթընը խիստ քննադատության է արժանացրել Սիրիայի վարչակարգի կողմնակիցների ԱՄՆ-ի դեսպանի ուղղությամբ իրականացված հարձակումը:
Հիշեցնենք, որ Սիրիայում Միացյալ Նահանգների դեսպանը ենթարկվել է նախագահ Բաշար ալ-Ասսադի կողմնակիցների հարձակման երկրի ընդդիմության գործիչներից մեկի հետ հանդիպման ուղևորվելու ընթացքում:
Սիրիայի նախագահի կողմնակիցները փորձել են նաև գրոհել այն գրասենյակը, որտեղ անցկացվել է ԱՄՆ-ի դեսպանի և Սիրիայի ընդդիմադիր գործիչ Հասան Աբդուլ-Ազիմի միջև հանդիպումը, իսկ ավելի ուշ վնասել ԱՄՆ-ի դեսպանության կողմից դեպքի վայր ուղարկված մեքենաները:
ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Ֆորդը և իր գործընկերները վերադարձել են ԱՄՆ-ի դեսպանատուն դեպքի վայր գրեթե մեկ ժամ ուշացմամբ ժամանած Սիրիայի ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ:
«Վստահ կարելի է ասել, որ այս աններելի հարձակումը կազմում է ահաբեկման արշավի մաս, որն ուղղված է ոչ միայն ԱՄՆ-ի դիվանագետների, այլև մնացած բոլոր պետությունների դիվանագետների և օտարերկրյա դիտորդների դեմ, որոնք հարցեր են բարձրացնում Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին: Այս ցավալի միջադեպը արտացոլում է Սիրիայի վարչակարգի և դրա կողմնակիցների անհանդուրժողականությունը», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարը՝ անվանելով Սիրիայում ԱՄՆ-ի դեսպանին «Ասսադի կառավարության կողմից պաշարված ժողովրդի իղձերի պաշտպան»:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը չի ընդունել ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից որպես Սիրիայում իրականացվող բռնությունների դեմ բողոքի արտահայտություն դեսպան Ֆորդին հետ կանչելու կոչերը:
Միացյալ Նահանգների պաշտոնատար անձանց համաձայն, Սիրիայում միջազգային լրատվամիջոցների և իրավապաշտպան կազմակերպությունների ներկայության բացակայության պայմաններում «դեսպան Ֆորդը, վտանգի տակ դնելով սեփական անձը, հետևում է իրադարձությունների զարգացմանն ու պահպանում հարաբերությունները երկրի ընդդիմության հետ»: