Չինաստանը քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի Մարդու իրավունքների զեկույցը

Չինաստանի արտգործնախարարությունը քննադատության է ենթարկել Միացյալ Նահանգների արտգործնախարարության կողմից հրապարակված աշխարհում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը, որտեղ Չինաստանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրավիճակը նկարագրվել է որպես «չափազանց ծանր» և նշվել, որ այս երկրի իշխանություններն ուժեղացրել են ճնշումն այլախոհության և խոսքի ազատության նկատմամբ:

Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հերքել և «նախապաշարմունքով լի» է անվանել զեկույցում ներկայացված տեղեկությունները:

«Մարդու իրավունքների վերաբերյալ Միացյալ Նահանգների կողմից հրապարակվող տարեկան զեկույցը զրպարտություն է այլ երկրների նկատմամբ, իսկ Չինաստանին վերաբերող մասն անտեսում է փաստերը և լի է նախատինքով. զեկույցում սևն ու սպիտակը խառնված են իրար: Երեք տասնամյակ առաջ բարեփոխումներ մեկնարկելուց հետո Չինաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակում մեծ նվաճումներ են գրանցվել, ինչը դժվար չէ նկատել», - ասել է Չինաստանի արտգործնախարարության խոսնակը:

Պեկինն ամեն տարի հանդես է գալիս Միացյալ Նահանգների արտգործնախարարության կողմից հրապարակվող մարդու իրավունքների զեկույցի քննադատությամբ՝ ներքին գործերում միջամտություն անվանելով այս հրապարակումը: