Չինաստանը մերժել է Տյանանմեն հրապարակում ցույցերի կալանավորված մասնակիցներին ազատ արձակելու ԱՄՆ-ի կոչերը

Չինաստանի արտգործնախարարությունը «խիստ դժգոհություն» է արտահայտել 1989 թվականին Պեկինի Տյանանմեն հրապարակում անցկացված ցույցերի կալանավորված մասնակիցներին ազատ արձակելու մասին ԱՄՆ-ի կոչերի կապակցությամբ:

Պատասխանելով «Ամերիկայի Ձայն»-ի չինական ծառայության հարցին՝ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լյու Վեյմինն ասել է, որ Միացյալ Նահանգների կոչերը համարվում է կոպիտ միջամտություն Չինաստանի ներքին գործերին և չհիմնավորված մեղադրանք՝ ուղղված այս երկրի կառավարությանը:

ԱՄՆ-ի արտաքին գործերի նախարարության կողմից կիրակի օրը հրապարակված հաղորդագրության մեջ արտգործնախարարության խոսնակի տեղակալ Մարկ Տոները նշել է, թե Միացյալ Նահանգները ցանկություն է հայտնել, որպեսզի Չինաստանը մանրամասն հաշվետվություն ներկայացնի ցույցի բռնի ճնշման ընթացքում զոհված, կալանավորված և անհայտ կորած անձանց մասին:

Հաղորդագրությունում Չինաստանին կոչ է արվել նաև դադարեցնել երկրում անցկացվող ցույցերի մասնակիցների և նրանց ընտանիքի ահաբեկումը:

Հիշեցնենք, որ 1989 թվականի հունիսի 4-ին Չինաստանի զինված ստորաբաժանումները՝ տանկերի աջակցությամբ մուտք էին գործել Տյանանմեն հրապարակ՝ ցրելով ուսանողների կողմից անցկացվող ցույցը: Չինաստանի իշխանությունների այս գործողությունները դատապարտվել են աշխարհի բազմաթիվ կառավարությունների կողմից, քանի որ ցույցերը ցրելու ընթացքում, տարբեր գնահատականներով, զոհվել է մի քանի հարյուրից մինչև մի քանի հազար մարդ:

Չինաստանի կառավարությունն իր հերթին Տյանանմեն հրապարակի միջադեպը «հակահեղափոխական ապստամբություն» է համարում և երբևէ չի ընդունել, որ որևէ սխալ է գործել ապստամբության մասնակիցների նկատմամբ ձեռնարկված գործողությունների կապակցությամբ:

Տյանանմեն հրապարակի իրադարձությունների թեման պետական լրատվամիջոցներում քննարկման համար արգելված թեմա է, սակայն չնայած դրան՝ որոշ ակտիվիստներ հավաքվել են հրապարակում՝ նշելու 1989 թվականի հունիսի 4-ի իրադարձությունների տարելիցը: