Չինաստանի իշխանությունները նախատեսում են տեղափոխել «Երեք կիրճերի ամբարտակի» մոտակայքում բնակվող մոտ 100 հազար մարդ՝ հսկա կառույցի շրջանում երկրաբանական աղետների առաջացման բարձր վտանգի պատճառով:
Չինաստանի հողային ռեսուրսների հանձնաժողովի պաշտոնյաներից մեկը հայտնել է Չինաստանի ազգային ռադիոյին, որ 2010 թվականից, երբ ամբարտակում ջրի մակարդակը հասել է առավելագույն ցուցանիշի, ամբարտակի շրջակայքում գրանցված սողանքների և գետափների քայքայման հաճախություն ավելացել է 70 տոկոսով:
Պաշտոնյայի համաձայն, գալիք երեքից հինգ տարվա ընթացքում նման երևույթների պատճառով զոհերի հնարավորությունը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ կլինի տեղափոխել ամբարտակի մոտակայքում բնակվող մոտ 100 հազար բնակիչ: Նա հայտնել է նաև, որ շուտով կմեկնարկեն ամբարտակի մոտ գտնվող 335 վայրերում սողանքների և ժայռերի քանդման կանխարգելման աշխատանքները, իսկ նման երևույթների առաջացման հնարավոր վտանգ ներկայացնող 5386 տեղանքում արդեն իսկ իրականացվում են մոնիթորինգի աշխատանքներ:
Հուբեյ նահանգում «Երեք կիրճերի ամբարտակի» շինարարական աշխատանքներն ավարտելուց ի վեր արհեստական հսկա այս ջրավազանի մոտակայքից տեղահանվել է մոտ 1,4 միլիոն մարդ: Չինաստանի ազգային խորհրդի կողմից անցյալ տարվա հունիս ամսին հրապարակված զեկույցի համաձայն, աշխարհում երբևէ իրականացված հիդրոտեխնիկական այս ամենախոշոր նախագծին, որի ընդհանուր արժեքը կազմել է 25 միլիարդ դոլար, խոչընդոտում են բազմաթիվ էկոլոգիական, երկրաբանական և տնտեսական խնդիրներ: