Չինաստանում ավելացել է երկրաշարժից զոհվածների թիվը

Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահին
Չինաստանի երկրաշարժից տուժած հյուսիս-արևմտյան շրջաններում փրկարար ծառայությունների աշխատողները շարունակում են որոնողական աշխատանքները՝ փորձելով գտնել շենքի փլատակների տակ մնացած մարդկանց:

Երկրում նախօրեին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը բարձրացել է՝ հասնելով 94-ի: Ցնցումների հետևանքով փլուզվել է առնվազն 5700 շենք, 73 հազար շենք վնասվածքներ է ստացել: Երկրաշարժի հետևանքով իշխանությունները էվակուացրել են առնվազն 31 հազար մարդ:

Չինաստանի նախագահն արձակել է փրկարար ծառայությունների աշխատողներին ուղղված հրաման, որտեղ ասված է, որ «փրկարարները պետք է ջանք չխնայեն՝ մարդկանց կյանքը փրկելու գործում»:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Գանսու նահանգում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառած բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ:

«Վստահ եմ, որ Չինաստանի կառավարության կողմից ձեռնարկված միջոցառումները թույլ կտան արագ հաղթահարել աղետի հետևանքները:

Կիսելով Ձեր և Չինաստանի բարեկամ ժողովրդի վիշտը` մաղթում եմ զոհվածների հարազատներին և Չինաստանի ողջ ժողովրդին` տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում», - Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ասված է Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում։